2026 թվականի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայի տարբեր շրջաններում ավելի քան 80 մարդ վարակվել է սալմոնելայով, իսկ վարակի աղբյուրը դարձել են դդմի սերմերը, ասվում է հանրապետության առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
«Հետաքննությունը… ցույց է տալիս, որ վարակի աղբյուրը եղել են դդմի սերմերը, որոնք մատակարարվել են Լո և Գարոն դեպարտամենտի վերամշակող ձեռնարկության կողմից… Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը… հայտնաբերել է Salmonella Enteritidis-ի գենոմային խումբ, որին այսօրվա դրությամբ պատկանում է նույն շտամով վարակման 81 դեպք», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունների հայտարարության համաձայն, շտամները հայտնաբերվել են հիվանդների մոտ մայիսի 3-ից օգոստոսի 12-ը։ Հետաքննության ընթացքում Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հարցում է անցկացրել հիվանդների մի մասի շրջանում՝ պարզելու, թե ինչ մթերքներ, երբ և որտեղ են նրանք օգտագործել։ Հարցվածներից վեցը հոսպիտալացվել են, երկուսը վարակի պատճառով դիմել են շտապ օգնության բաժանմունք։ Այս պահին բոլոր պացիենտներն ապաքինվել են և վերադարձել տուն։
Լո և Գարոն դեպարտամենտի բնակչության պաշտպանության վարչությունը ստուգում է անցկացրել սերմերի վերամշակող ձեռնարկությունում, սակայն մինչև այս պահը աղտոտման աղբյուրը չի հաջողվել պարզել։ Ձեռնարկության ղեկավարությունն ինքը, չսպասելով ստուգման ավարտին, սկսել է իր արտադրանքի հետկանչը առևտրային ցանցերից։ Գերատեսչություններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հետկանչման ենթակա են ոչ միայն չփաթեթավորված դդմի սերմերը, այլև այն խառնուրդները, որոնց բաղադրության մեջ դրանք ներառված են։




























