Արհեստական բանականության նոր մոդելը՝ Claude Fable 5.1-ը, 44 րոպեում առաջարկել է շոտլանդացի գրող Թոմաս Ուրկհարթի ծածկագրի լուծումը, որը գրեթե չորս դար համարվել է չվերծանված, գրում է Traictory-ն.

Փորձն անցկացրել է Vals AI ընկերությունը․ մոդելն օգտագործել է մոտ 176 հազար թոքեն և, հետազոտողների պնդմամբ, աշխատել է առանց մարդու միջամտության։

Խոսքը, այսպես կոչված, Cyphral Distich-ի մասին է՝ 32 թվից բաղկացած երկու տողի։ Հանելուկը կապված է Ուրկհարթի «Լոգոպանդեկտեսիոն» տրակտատի հետ, որը հրապարակվել է 1653 թվականին, և հետագայում ներառվել է կրիպտոլոգ Կլաուս Շմեհի ամենահայտնի 50 չվերծանված գաղտնագրված ուղերձների ցանկում։ Խնդիրը փորձել են լուծել հաճախականության վերլուծության, տարբեր փոխարինման համակարգերի և այլ դասական մեթոդների օգնությամբ, սակայն ապարդյուն։

Ինչպես հայտնել է Vals AI-ը, Fable 5.1-ը գնացել է այլ ճանապարհով և ենթադրել, որ բանալին թաքնված է ոչ թե ծածկագրից դուրս ինչ-որ տեղ, այլ հենց գրքի ներսում։ Թվային հաջորդականությունից անմիջապես առաջ գտնվել են 32 համարակալված բաժիններ, որոնք հետազոտողները կոչում են «պրոկուիրացիաներ»։ Մոդելը յուրաքանչյուր թիվ համապատասխանեցրել է բաժնին, այնտեղից վերցրել համապատասխան հերթական համարով բառը, ապա՝ այդ բառի առաջին տառը։

Արդյունքում ստացվել է երկու տող.

«Ով Աստված, աջակցիր արքա Չարլզ II-ին

և դարձրու նրան այս երկրի գերագույն տիրակալը»։

Բնագրում արքայի անունը գրված է CHARLS ձևով, ինչը համապատասխանում է պատմական ուղղագրությանը։ Ստացված տողերը պարունակում են 32-ական տառ և հանգավորվում են, իսկ ուղերձն ինքնին համահունչ է Ուրկհարթի համոզմունքներին՝ Ստյուարտների դինաստիայի համոզված կողմնակցին։

Սակայն մոդելը դրանով չի սահմանափակվել։ Նույն սկզբունքով Fable 5.1-ն առաջարկել է նաև Ուրկհարթի մեկ այլ ծածկագրի՝ 1652 թվականի «Թանկարժեք քար» տրակտատից Cyphral Octastich-ի վերծանումը։ Այն արդեն բաղկացած է 285 թվից, իսկ բանալին, ըստ առաջարկված մոդելի, գրքի էջերն են։ Տեքստի մեծ մասը հաջողվել է վերականգնել․ ինը տառ մնացել են չվերծանված, քանի որ համապատասխան հատվածները ստուգելու համար պետք է դիմել հրատարակության ֆիզիկական օրինակին կամ գիտական խմբագրությանը։

Սակայն 373-ամյա հանելուկը վերջնականապես լուծված համարելը դեռ վաղ է։ Vals AI-ի հրապարակումից հետո Reticuli Labs-ի հետազոտողները անցկացրել են անկախ ստուգում և հայտարարել, որ առաջարկված մեթոդը չի հաստատվում 1653 թվականի հրատարակության բնագրով։

Նրանց տվյալներով, գրքի հասանելի օրինակում նշված տեղում թվային ծածկագիր ընդհանրապես չկա, իսկ առաջարկված կանոնը թույլ չի տալիս ստանալ հայտարարված տեքստը սկզբնական «պրոկուիրացիաներից»։