Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ հարվածների և ծովային շրջափակման շարունակման դեպքում կարող են ավելի ծանր ու մասշտաբային հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին, հայտնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը պատասխան կտան առավել մեծ ուժով, եթե ԱՄՆ-ն շարունակի, ինչպես պնդում է Թեհրանը, ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում, անվտանգության սպառնալիքների ստեղծումն ու իրանական նավերի տեղաշարժի խոչընդոտումը։ Նման քայլերի պահպանման դեպքում տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական նավերը առավել հզոր հարվածների թիրախ կդառնան, քան նախկինում։

Զոլֆաղարին նաև զգուշացրել է, որ Իրանի պատասխան գործողությունների մասշտաբները կարող են ընդլայնվել, եթե Վաշինգտոնը շարունակի Թեհրանի վրա գործադրվող ճնշումը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները հայտնել են Պարսից և Օմանի ծոցերում իրանական երեք նավթատար ցիստեռններին հասցված հարվածների մասին։