ԱՄՆ զինվորականները մի քանի տասնամյակ անց առաջին անգամ չեն մասնակցում Իսլանդիայի ափերի մոտ անցկացվող ՆԱՏՕ-ի ամենամյա Northern Viking զորավարժություններին, որտեղ դաշնակիցները մշակում են ռուսաստանյան սուզանավերի հայտնաբերման և դրանց հակազդման գործողությունները, գրում է Politico-ն։
Զորավարժությունները տեղի են ունենում Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման և Վաշինգտոնի ու եվրոպացի դաշնակիցների միջև խորացող տարաձայնությունների ֆոնին։
Զորավարժություններին ներգրավված են Կանադայի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների նավեր, գերմանական հետախուզական ինքնաթիռներ, բելգիական կործանիչներ, ինչպես նաև Լիտվայից և այլ պետություններից սուզանավերի որոնման համար նախատեսված ինքնաթիռներ։ Խմբավորումը ղեկավարում է ֆրանսիացի դերծովակալ Նիկոլա Մոլիտորը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են Եվրոպան և Կանադան իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնում, և դա բառացիորեն տեսնում ենք այստեղ՝ Իսլանդիայում», — հայտարարել է Իսլանդիայի պաշտպանության նախարար Յոնաս Ալլանսոնը։
Միևնույն ժամանակ ամերիկացի զինվորականներն ամբողջությամբ չեն հեռացել տարածաշրջանից։ ԱՄՆ ռազմածովային շինարարական ստորաբաժանումները նոր օբյեկտներ են կառուցում Քեբլավիկ օդանավակայանի ռազմական տարածքում, բացի այդ, ամերիկյան կողմը մասնակցել է զորավարժությունների պլանավորմանը։ Սակայն ներկայիս վարժանքներին ամերիկյան նավեր և ինքնաթիռներ չկան։
Իսլանդիան ռազմավարական դիրք է զբաղեցնում այսպես կոչված GIUK ճեղքում՝ Գրենլանդիայի, Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև գտնվող ծովային տարածքում։ Այս շրջանի միջոցով Կոլայի թերակղզում տեղակայված ռուսաստանյան ատոմային սուզանավերը Արկտիկայից դուրս են գալիս Ատլանտյան օվկիանոս։
ՆԱՏՕ-ում այս շրջանը համարում են Ռուսաստանի հետ դիմակայության առանցքային սահմանագծերից մեկը։ Դրա վերահսկումը թույլ է տալիս հետևել ռուսաստանյան սուզանավերի տեղաշարժին և սահմանափակել դրանց հնարավորությունները Ատլանտիկայում գործելու հարցում։ Դաշինքի ներկայացուցիչներից մեկի կարծիքով, եթե Ռուսաստանը կարողանա վերահսկել GIUK Gap-ով անցնող մուտքը, նրա սուզանավային ուժերը զգալիորեն ավելի մեծ ազատություն կստանան Ատլանտյան օվկիանոսում գործողությունների համար և կկարողանան սպառնալ օվկիանոսի երկու կողմերում գտնվող օբյեկտներին։
ԱՄՆ-ի դերի կրճատումը տեղի է ունենում Վաշինգտոնի և եվրոպացի դաշնակիցների միջև աճող լարվածության ֆոնին։ ՆԱՏՕ-ի երկրների առանձնահատուկ մտահոգությունն են առաջացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիան ձեռք բերելու կամ գրավելու մասին հայտարարությունները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Դոնալդ Թրամփ կրտսերի այցերը կղզի, ինչպես նաև ամերիկյան զինված ուժերի կիրառման հնարավորության մասին Թրամփի հայտարարությունները ուժեղացրել են եվրոպացի դաշնակիցների մտավախությունները։
Այս ֆոնին ՆԱՏՕ-ի երկրները սկսել են ավելի ակտիվ քննարկել Արկտիկան և Հյուսիսային Ատլանտիկան պաշտպանելու իրենց սեփական հնարավորությունները։ Դրան լրացուցիչ նշանակություն է տալիս նաև Եվրոպայում Ռուսաստանի ակտիվությունը։ Արևմտյան պաշտոնյաների տվյալներով, Մոսկվան ուժեղացնում է գործողությունները, որոնք ուղղված են եվրոպական ռազմական և առևտրային լոգիստիկայի խաթարմանը։ Մասնավորապես, Գերմանիայի իշխանությունները վերջերս Ռուսաստանին մեղադրել են Լայպցիգի օդանավակայանի տարածքում պայթուցիկով դրոն տեղադրելու մեջ և ի պատասխան հայտարարել Ռուսաստանի հյուպատոսությունը փակելու մասին։
ՆԱՏՕ-ի համար առանձին խնդիր է մնում նաև ստորջրյա ենթակառուցվածքը՝ ինտերնետ մալուխներն ու խողովակաշարերը, որոնցից կախված է եվրոպական տնտեսության գործունեությունը։ Գերմանացի զինվորականները հատկապես մտահոգված են Բալթիկ ծովում իրավիճակով, որտեղ, ըստ նրանց, անհրաժեշտ է մշտապես վերահսկել կենսականորեն կարևոր ենթակառուցվածքի վիճակը։
Զորավարժությունների ընթացքում գերմանական ինքնաթիռը Իսլանդիայի ափերի մոտ փոխգործակցել է միջազգային խմբավորման հետ՝ իրականացնելով ծովի հատակի քարտեզագրում և փոխանցելով հետախուզական տեղեկատվություն։ Վարժանքները դարձել են Արկտիկայի բարդ պայմաններում ՆԱՏՕ-ի նավերի և ինքնաթիռների՝ տվյալներով արագ փոխանակվելու ունակության ստուգում։
Դեռ երկու տարի առաջ Northern Viking-ը գլխավորում էին ամերիկյան երկու դեսանտային նավեր՝ ծովային հետևակով և ավիացիայով։ Այժմ Հյուսիսային Ատլանտիկայում ուժերի մեծ մասը կազմում են կանադական և եվրոպական նավերը, քանի որ ԱՄՆ ռազմածովային ուժերի զգալի մասը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում և Կարիբյան ավազանում։
«Մենք միշտ դաշնակիցների նավերի հետ միասին ենք շարժվելու, և դրանում է մեր ուժը», — հայտարարել է Մոլիտորը։ Այժմ այդ ուժը ցուցադրվում է զորավարժությունների կազմում առանց ամերիկյան նավերի։





























