Հիմալայներում ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը մոտեցել է 1,4 հազարի, հայտնում է dpa-ն։

Նեպալի տարածքում հաստատվել է 1341 մարդու մահը, ևս 43 մարդ զոհվել է Տիբեթում։ Մոտ 5 հազար մարդ շարունակում է համարվել անհետ կորած։

Փրկարարական և որոնողական գործողությունները շարունակվում են, սակայն ամեն օր փլատակների տակ ողջ մնացածներին հայտնաբերելու հավանականությունը կտրուկ նվազում է։ Միևնույն ժամանակ փրկարարներին դեռևս հաջողվում է մարդկանց գտնել․ վերջին մի քանի օրերին Նեպալում ողջ հայտնաբերվել է չորս մարդ, այդ թվում՝ չինացի մի աշխատող, որին փրկել են հիդրոէլեկտրակայանի թունելից աղետից տասն օր անց։

Ջրհեղեղը ոչնչացրել կամ լրջորեն վնասել է առնվազն 13 հիդրոէներգետիկ օբյեկտ և մեկ արևային էլեկտրակայան։ Հարյուրավոր աշխատակիցներ համարվում են անհետ կորած, և ենթադրվում է, որ շատերը արգելափակված են մնացել հիդրոէլեկտրակայանների թունելներում և հանքահորերում։ Նեպալի իշխանությունների տվյալներով, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանած որոնողական խմբերը աշխատում են Նեպալի բանակի հետ միասին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, դրոններ և մարդկանց թունելներից փրկելու սարքավորումներ։

Աղետալի ջրհեղեղները օգոստոսի 26-ին հարվածել են Նեպալի և Տիբեթի սահմանամերձ շրջաններին։ Ենթադրվում է, որ պատճառը եղել է սառցադաշտի փլուզումը, որը հրահրել է հզոր սելավային հոսք և ջրի մակարդակի կտրուկ բարձրացում։ Տարերքն ավերել է ճանապարհներ, կամուրջներ, շենքեր և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։

Նեպալի իշխանությունները շարունակում են մաքրել փլատակները և վերականգնել տրանսպորտային ու էներգետիկ կապը տուժած շրջանների հետ։ Ավերածությունների մասշտաբն այնքան մեծ է եղել, որ կառավարությունն արդեն վնասը և վերականգնման կարիքները գնահատում է միլիարդավոր դոլարներով։