Եմենի կառավարական ուժերի և հութիների ավելի քան 140 մարտիկ զոհվել են երկրի հարավ-արևմուտքում շաբաթ օրվա կեսօրից մինչև կիրակի վաղ առավոտ տեղի ունեցած կատաղի բախումների ընթացքում, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Սա դարձել է Եմենում ռազմական գործողությունների ամենաարյունալի դրվագը 2022 թվականի հրադադարի ձախողումից հետո։
Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի ներկայացուցիչների տվյալներով, զոհվել է 84 զինծառայող, որոնց մեծ մասը՝ հրթիռային հարվածների հետևանքով։ Հութիների շրջանակներից չորս աղբյուր հայտնել են իրենց 57 մարտիկների զոհվելու մասին։
Հութիների հարձակումը սկսվել է հինգշաբթի օրը։ Նրանք փորձում են կտրել կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող նավահանգստային Մոխա քաղաքի ճանապարհները և առաջ շարժվել դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից շրջաններ՝ Կարմիր ծովի և Ադենի ծոցի միջև գտնվող ռազմավարական անցուղի։
AFP-ի հաշվարկներով,որը հիմնվել է երկու կողմերի ռազմական և բժշկական աղբյուրների տվյալների վրա, հարձակման սկզբից ի վեր արդեն զոհվել է ավելի քան 300 մարտիկ, ինչպես նաև մի քանի խաղաղ բնակիչ։ Շաբաթ օրը Թաիզ քաղաքում ավտոբուսի վրա հրթիռային հարվածը հանգեցրել է վեց խաղաղ բնակչի մահվան, ևս յոթ մարդ ստացել է վնասվածքներ։
Կառավարական ուժերը հայտնել են, որ կարողացել են ամրապնդվել Հայսից հյուսիս՝ այդ շրջանում առաջխաղացում գրանցելուց հետո։ Միաժամանակ հութիները առաջ են եկել Թաիզից արևմուտք և Հայսից հարավ՝ շարունակելով հարձակումը Բաբ էլ-Մանդեբի ուղղությամբ։ Կիրակի առավոտվա դրությամբ մարտերի ինտենսիվությունը նվազել էր։
Ռազմական գործողությունները բնակչության տեղահանման նոր ալիք են առաջացրել։ ՄԱԿ-ի տվյալներով, շուրջ 1,8 հազար ընտանիք ստիպված է եղել լքել իր տները Մակբանա և Ջաբալ-Հաբաշի շրջաններում ինտենսիվ գնդակոծությունների և բախումների պատճառով։
Բաբ էլ-Մանդեբը ձեռք է բերել էլ ավելի մեծ ռազմավարական նշանակություն՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակումների ֆոնին։ Այս նեղ անցուղու նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ Սուեզի ջրանցքով Ասիայի և Եվրոպայի միջև անցնող կարևորագույն ծովային երթուղիներից մեկի վրա։
Փորձագետները նախազգուշացնում են, որ իրավիճակը կարող է վերաճել Եմենում լայնածավալ պատերազմի նոր փուլի։





























