Վերջին չորս տարում Հայաստանում կտրուկ ավելացել է ՄԻԱՎ վարակակիրների թիվը. միայն 2012թ. 4 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է վարակի 71 դեպք: Այդ մասին, այսօր` մայիսի 18-ին, մամլո ասուլիսում հայտնել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանը:
Նրա խոսքով` Հայաստանի իրավիճակը ՄԻԱՎ վարակի առումով ավելի բարենպաստ է մնացած երկրների համեմատությամբ:
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ վարակի տեմպերն աճում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշվին: Միաժամանակ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, նույնիսկ Լատինամերիկյան երկրներում աճի տեմպերը կրճատվել են ու կայունացել` շնորհիվ ձեռնարկված միջոցառումների:
Գենդերային հարցերով մասնագետ Անուշ Հակոբյանը հաղորդել է, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակվածությամբ 23 երեխա կա, եւ նրանք համապատասխան բուժում են ստանում: Որպես լավ ցուցանիշ կարելի է նշել այն, որ 2007 թվականից մինչ օրս երկրում չի հանդիպել ի ծնե ՄԻԱՎ վարակվածության դեպք:
Պաշտոնական տվյալներով` 1988թ.-ից մինչեւ 2012թ. ապրիլը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակվածության 1226 դեպք, որից 182-ը` 2011թ. ընթացքում:
Վարակվածության դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկնում Երեւանին (492 դեպք), երկրորդ տեղում Շիրակի մարզն է:



























