Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի ճանաչում մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին ասվում է ՀԿԿ-ի հայտարարության մեջ:
«Կոմկուսը հավաքել է ոչ թե 16 հազար ընտրողների ձայները, այլ մի քանի անգամ շատ: Կոմկուսի ծրագիրը ժողովրդական ծրագիր է»,-նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ասվում է, որ ընտրությունները ընթացքում իշխանությունները եւ որոշ կուսակցություններ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար դիմել են փորձված մեթոդների` դատարկ խոստումների, ընտրակաշառքների, իսկ աղքատության շեմին հասած որոշ ընտրողներ օգտվել են դրանից, որպեսզի գոնե մեկ օրով լուծեն իրենց սննդի հարցը:
Ընտրողների մյուս մասը քվեարկել է ճնշման եւ աշխատանքից ազատելու սպառնալիքների ներքո: «Մարդիկ վաճառել են իրենց ձայնը, սեփական երեխաների ապագան, սեփական խիղճը: Միթե իշխանությունների նման վերարտադրությունը վերացրել է աղքատությունը, գործազրկությունը, մարդկանց վերադարձրել է հայրենիք»,-ասված է Կոմկուսի հայտարարությունում:
Փաստաթղթում նշվում է նաեւ գյուղական բնակավայրերում քվեարկության ընթացքում տեղ գտած խնդիրները, որտեղ մարդիկ քվեարկել են տեղի իշխանությունների խիստ ճնշման, անձնագրերում «չցնդող» կնիքների, ժամկետանց մթերքներ բաժանելու պայմաններում:
Հայտարարության հեղինակները նշում են, որ ընտրատեղամասերում եւ ԿԸՀ-ում ձայների հաշվարկի ժամանակ աճպարարությունը լակմուսի թղթի նման ցույց տվեց այս մարդակեր համակարգին աջակցող եւ պաշտպանող կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնց իշխանությունը 5 եւ ավելի տոկոս շպրտեց:
Հայաստանի կոմկուսը, ելնելով վերջ նշվածից եւ հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում երկրի իրական քաղաքական պատկերը, չի ճանաչում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,-ընդգծված է Կոմկուսի հայտարարության մեջ:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի կոմկուսի օգտին քվեարկել է ընտրողների 1,1 տոկոսը, ինչը մոտ կրկնակի շատ է 2007-ին Կոմկուսի ստացած ձայներից:




























