Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին փոխգործակցության և Հայաստան–Հունաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ համագործակցության լայն օրակարգը և շեշտել Հունաստանի կողմից ՀՀ Կառավարության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ցուցաբերվող օժանդակության կարևորությունը։

Խրիստոս Սոֆիանոպուլոսն իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական ակտիվ երկխոսություն և վստահություն հայտնել, որ առևտրատնտեսական կապերն առաջիկայում էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն։

Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։