Մոսկվան կարծում է, որ Անկարայում հակառուսական միջոցառումների անցկացումը, որի մասնակիցներն ուղղակիորեն սպառնում են  ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը եւ նրա քաղաքացիների անվտանգությանը, անթույլատրելի է եւ  ստվերում է երկու երկրների երկխոսությունը: Այդ մասին մայիսի 18-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Թուրքիայում միջոցառումների անցկացումը, որի  մասնակիցներն ուղղակիորեն սպառնում են ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը, նրա քաղաքացիների անվտանգությանը, անթույլատրելի է», - ասել է նա` մեկնաբանելով Ստամբուլում  Կովկասի հարցով միջազգային կոնֆերանսի անցկացումը, որի արդյունքում հռչակագիր էր ընդունվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուկաշեւիչն ընդգծել է, որ նման հանդիպումները «ստվերում են մեր երկրների միջեւ գործընկերության մթնոլորտը, եւ պետք է իշխանությունների կողմից արգելքի հանդիպեն (Թուրքիայի- խմբ.)»:

Նշենք, որ «Կովկասն առանց Ռուսաստանի» կոնֆերանսը տեղի է ունեցել Ստամբուլում` մայիսի 13-ին: Ըստ «Էխո Կավկազա» ռադիոյի տվյալների, միջոցառմանը մասնակցել են Եվրոպայի, արաբական երկրների կովկասյան սփյուռքի ներկայացուցիչները, լրագրողներ եւ իրավապահներ Ճապոնիայից, Վրաստանից եւ Եվրամիությունից: Թուրքական կողմը ներկայացվել է  կոնֆերանսի կազմակերպիչների` «Իմքանդեր» բարեգործական հիմնադրամի կողմից:

Ըստ կոնֆերանսի կազմակերպիչների`  հիմնական նպատակը Կովկասի ժողովուրդների միավորումն է: Իսկ Ռուսաստանի «զավթողական ազդեցությունից ազատվելու» միակ ելքն անկախությունն է: