Վաշինգտոնը առաջիկա օրերին կուժեղացնի դիվանագիտական ճնշումը Թեհրանի վրա՝ առաջարկելով ՄԱԿ-ի բանաձև, որը Իրանից պահանջում է «անհապաղ վերացնել խախտումները» և վերականգնել միջուկային տեսչությունների հասանելիությունը, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության ծանոթացած երկէջանոց փաստաթղթի պատճենի համաձայն՝ ԱՄՆ-ի բանաձևը Իրանից պահանջում է «շտապ վերացնել խախտումները» և թույլատրել ստուգումներ՝ միջուկային նյութերի չշեղված օգտագործումն ապահովելու համար։
Ակնկալվում է, որ ծրագրերի մասին կհայտարարվի Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում, որը սկսվել է երկուշաբթի օրը և կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։
Bloomberg-ը նշում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը դժվար թե աջակցեն Թեհրանի դեմ նոր քայլերին։
Միևնույն ժամանակ ԱԷՄԳ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հաստատել է, որ տեսուչները չեն կարող մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ։
«Չկան որևէ պայմանավորվածություններ, չկա որևէ տեղեկատվություն, և մեզ ասում են, որ նրանք չեն համագործակցի, քանի դեռ ավելի լայն քաղաքական բանակցությունների շրջանակում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել», - երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։
Իր հերթին Թեհրանում հայտարարել են, որ տեսչությունները վերսկսելու կոչերը «անիմաստ են» շարունակվող ռազմական հարվածների ֆոնին, քանի որ տեղում իրավիճակը մնում է չափազանց վտանգավոր։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը X-ում իր էջում հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն «նախ և առաջ պետք է կոչ անի ագրեսորներին՝ ԱՄՆ-ին և իսրայելական ռեժիմին, դադարեցնել պաշտպանված խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները կամ դրանց հասցեին հնչող սպառնալիքները»։
Առաքելության կարծիքով՝ քանի դեռ ՄԱԿ-ի միջուկային գործակալությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները, «Իրանն ունի իր ազգային շահերը ինքնուրույն պաշտպանելու լիակատար իրավունք»։
2025 թվականի սեպտեմբերի սկզբին ԱԷՄԳ-ն և իրանական կողմը Կահիրեում համաձայնության էին եկել Իրանում միջազգային կազմակերպության փորձագետների գործունեությունը վերսկսելու պայմանների շուրջ։ Մասնագետներին թույլատրվել էր մուտք գործել իրանական այն օբյեկտներ, որոնք չէին տուժել ռմբակոծություններից։ Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ի այն պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում, կրկին ուժի մեջ մտան։ Հոկտեմբերի 18-ին, ժամկետի ավարտի պատճառով, ԳՀՀԾ-ն դադարեց գործել, ինչից հետո Իրանում հայտարարեցին, որ «բոլոր կետերը, ներառյալ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումները և դրա հետ կապված մեխանիզմները, համարվում են չեղարկված»։ Արդյունքում Թեհրանը դադարեցրեց ԱԷՄԳ-ի հետ Կահիրեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։





























