«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը առաջիկա ամիսներին և տարվա ընթացքում Հայաստանում ու երկրի շուրջ լուրջ զարգացումներ է կանխատեսում։

Սեպտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ մինչև 2029 թվականը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանումը քիչ հավանական է (այն դեպքում, երբ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև այդ ժամկետն ունենալ առանց վիզայի ռեժիմ), Խամոյանը նշել է, թե ուրախ է, որ եվրոպացի պաշտոնյաներն ուղղակիորեն ջրի երես են հանում Նիկոլ Փաշինյանի սուտը։ Նրա խոսքով՝ Հայաստանը առաջիկա 10-20 տարում ԵՄ անդամ չի դառնա։ Պատգամավորը կեղծիք է որակում հավաստիացումները, թե մինչև սահմանված ժամկետը վիզաների ազատականացումը իրականություն կդառնա, և քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճամփորդել։ «Մեր հայրենակիցները հաճախ են նույնացնում առանց վիզայի ռեժիմն ու ԵՄ անդամակցությունը»,- նշել է Խամոյանը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը փորձել է մանևրել՝ հավաստիացնելով, թե իբր հանուն Ռուսաստանի ու Պուտինի է օրենքն ընդունել, այլապես հանրաքվե կանցկացվեր։

Պատգամավորի համոզմամբ՝ Անկախության հռչակագրի, նոր Սահմանադրության ընդունման և Տիգրանաշենի (որին Փաշինյանն ընտրություններից հետո տվեց ադրբեջանական «Քյառքի» անվանումը) շուրջ Հայաստանին բավականին լուրջ զարգացումներ են սպասվում։ Խամոյանի կարծիքով՝ առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ կլինեն նաև հայ-ռուսական հարաբերություններում։ «ԵԱՏՄ գծով պետք է նորությունների սպասել․ այս իրավիճակը, ինչպես փաստում են Պուտինի խոսքերը, չի կարող երկար շարունակվել։ ՀԱՊԿ-ի առնչությամբ տևական ժամանակ անորոշություն է տիրում․ պարզ չէ՝ Հայաստանը դուրս է գալի՞ս, թե՞ նրան հեռացնում են։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակ ձգել, որպեսզի ԵԱՏՄ-ում կրկնի ՀԱՊԿ-ի սցենարը՝ պահպանելով անորոշությունն ու փորձելով արտահանման ուղղությունը վերակողմնորոշել դեպի ԵՄ»,- նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ կարևոր իրադարձությունների կարելի է սպասել առաջիկա ամիսներին և տարվա ընթացքում։ Քանի որ Փաշինյանը գիտի, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմադրություն է ցույց տալու նման քաղաքականությանը, որոշել է կալանավորել նրան, սակայն Քոչարյանը բանտից ևս գլխավորելու է դիմադրությունը։ «Մենք համաձայն չենք այն օրակարգին, որը Փաշինյանը առաջ է մղում Ալիևի հետ համատեղ։ Նման նպատակներն անընդունելի են մեր և հայ ժողովրդի համար»,- ընդգծել է Խամոյանը։