Սեպտեմբերի 7-ին Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունների ընդլայնման օրակարգին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարն ընդգծել է Բալթյան երկրների հետ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերում փորձի փոխանակմանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։





























