Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկն են։ Սեպտեմբերի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Պատասխանելով Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման նախօրեին ՌԴ նախագահի օգնականի արած հայտարարության մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը նշել է, թե մանրամասների չի տիրապետում այն մասին, թե արդյոք նշված հանդիպման ընթացքում քննարկվել է հոր կալանավորման հարցը, այդուհանդերձ ընդգծել է, որ այդ մասին հիշատակումն ինքնին վկայում է հարցի կարևորության մասին։
Միևնույն ժամանակ, Լևոն Քոչարյանը հստակ կապ է տեսնում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների միջև։ «Հայրս միշտ հանդես է եկել ՌԴ-ի և ոչ միայն ՌԴ-ի հետ բարեկամական, գործընկերային, ռազմավարական հարաբերությունների օգտին։ Մեր խնդիրն այն է, որ Ռուսաստանի հետ թշնամանալու անհրաժեշտություն չկա։ Կարելի է և պետք է հարաբերություններ զարգացնել Արևմուտքի հետ, բայց ոչ Ռուսաստանի հետ թշնամության հաշվին։ Երբ ասում ենք, որ պետք չէ մտնել աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոն, դա նշանակում է, որ մեր խնդիրն է չհայտնվել նրանց թվում, ովքեր արդեն հայտնվել են նման կենտրոնում, որպեսզի իշխանություններն անխոհեմաբար մեզ չտանեն դեպի նման ավարտ», — նշել է Լևոն Քոչարյանը։





























