Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ քննարկել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացումը և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում, ուր Ալենը ժամանել էր այցով։ Դրան մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էյմի Կարլոնը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջմղումը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը։

Առանձին ուշադրություն է դարձվել TRIPP-ի իրականացմանը և կառավարման ընկերության ստեղծմանը, որը կղեկավարի երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը։

Մամեդովը նաև ներկայացրել է ԱՄՆ իր այցի արդյունքները, որը տեղի էր ունեցել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ, և դրա արդյունքներով ստորագրված եռակողմ հռչակագիրը։

Բացի դրանից, Ադրբեջանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և ռազմավարական գործընկերության խարտիայով նախատեսված ուղղությունները։