Հակակոռուպցիոն դատարանում այսօր ընթացել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հերթական դատական նիստը։

Դատական նիստից հետո անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է դատական նիստերի ընթացքից։

Մոր խոսքով՝ դատական նիստերը դանդաղ են ընթանում, սակայն այժմ եկել է գործի տրամաբանական ավարտը. «Քիմիկների գործ շատ ջուր է տանում։ 5 տարի է դատական նիստ է ընթանում, սկզբում շատ դանդաղ էր ընթանում, բայց հիմա եկել ու հասել է իր տրամաբանական ավարտին։ Կտեսնենք՝ ովքեր էին մեղավոր այս 40 երեխային հանձնելու համար»։

Անդրադառնալով այս գործով նիստերին կողմերի միջև առկա լարվածությանն ու ընթացքում լարված իրավիճակներին. Անահիտ Ադոյան մանրամասներ հայտնեց նախորդ նիստին իր մասնակցությամբ տեղի ունեցած լարված մթնոլորտից.

«Մենք փորձում ենք որքան հնարավոր է՝ հանդարտ պահենք մեզ, բայց գալիս է պահ, որ դառնում ենք անկառավարելի։ Նախորդ նիստը, օրինակ, սեպտեմբերի 1-ին էր, եկան մի քանի վկաներ, պատմեցին իրենց տեսածն ու լսածը դավաճան դասալիքների մասին, հարցեր տվեցի վկային, հրամանատարն ասում է՝ սուտ ես ասում, իմ սուտն ինչո՞վ է օգելու, գուցե իր սուտն է օգնելու։ Դրանից հետո դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, ընդմիջման ժամանակ դասալիք Արսենն ինձ ասաց՝ դու վառված ես, «աբիժնիկ» ես, եկար խնդրեցիր, որ տղայիդ ազգի հերոսի կոչում տայի, դրանից վառված ես, ես խնդրող տեսակ չեմ, ես չհասկացա՝ նման փաստ որտեղից վերցրեց, ես չգիտեմ՝ ինչպես հեռախոսը տվեցի իր գլխին, դրանից հետո ասել եմ ամեն ինչ ու չեմ զղջում ասածներիս համար, հասել եմ, որ իր դիմացի միկրաֆոնը մտցնեի բերանը, կլսեք մի օր, որ այդ Արսենը լեզու չունի, կկտրեմ այդ լեզուն, թող իմանա որտեղ և ինչ է խոսում»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը: