Նախատեսում ենք շարունակել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները մինչև 2036 թվականը, իսկ հեռանկարում՝ նաև մինչև 2041 թվականը։ Սեպտեմբերի 9-ին «Ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման խնդիրը. մենթորությունը որպես այս խնդրի մասնակի լուծման գործիքներից մեկը» թեմայով սեմինարի ընթացքում այս մասին հայտարարեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ այժմ արդեն իսկ առանձին աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2041 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 30-40%-ը։ «Սա մեզ համար նշանակալի է ոչ միայն էներգետիկ անվտանգության տեսանկյունից, այլև սոցիալական առումով, քանի որ վերջնական սպառողի համար այն էժան էլեկտրաէներգիա է արտադրում»,- նշեց նա։