Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել զրպարտության համար դատի տալ «Հաարեց» պարբերականին։ Պատճառը թերթում հրապարակված այն հոդվածն է, ըստ որի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից կարճ ժամանակ առաջ ԱՄԷ ղեկավարն անձամբ զգուշացրել է նրան ՀԱՄԱՍ-ի նախապատրաստվող հարձակման մասին։
«Վարչապետն իր փաստաբաններին հանձնարարել է զրպարտության հայց ներկայացնել «Հաարեց» թերթի դեմ», — ասված է Նեթանյահուի X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նա սուտ է անվանել պարբերականի հրապարակումը և նշել, որ 2023 թվականի սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում իր և ԱՄԷ նախագահի միջև որևէ զրույց չի եղել։ Նեթանյահուի խոսքով՝ «Հաարեցի» հոդվածը «ձախ ուժերի նախընտրական քարոզարշավի մաս է», և նման «սուտ մեղադրանքներ դեռ շատ են լինելու»։
Նախօրեին «Հաարեց» պարբերականը, հղում անելով լրագրողներ Շլոմի Էլդարի և Ռութ Յուվալի հեղինակած գրքին, հայտնել էր, թե 2023 թվականի սեպտեմբերի վերջին Նեթանյահուն 45 րոպե տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ղեկավար Մուհամմադ բին Զայիդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահն իբրև թե զգուշացրել է Իսրայելի վարչապետին, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը լայնամասշտաբ գործողություններ է ծրագրում Իսրայելի դեմ։
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Նեթանյահուն իր հերթին վստահեցրել է, որ Իսրայելը վերահսկում է իրավիճակը Ղազայում, և որ ՀԱՄԱՍ-ի ցանկացած քայլ, ամենայն հավանականությամբ, կլինի Արևմտյան ափին։ Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Իսրայելը «պատրաստ է ցանկացած սցենարի»։ «Հաարեցի» տեղեկություններով՝ այս լուրը ստանալուց հետո Նեթանյահուն չի տեղեկացրել Իսրայելի անվտանգության ծառայությունների ղեկավարությանը ԱՄԷ-ից ստացված տվյալների մասին և ընդհանրապես «ոչինչ չի ձեռնարկել»։
Իր հերթին, «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը չորեքշաբթի հայտնել է, որ, իրենց տվյալներով, իսրայելական հատուկ ծառայությունները Ղազայի հատվածից սպառնացող վտանգի մասին զգուշացումներ են ստացել նաև Եգիպտոսից։ Սակայն այդ դեպքում եգիպտական կողմը չի հստակեցրել, թե հատկապես ինչում կարող է կայանալ սպառնալիքը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում գործեց Իսրայելի վրա, ինչից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ռազմական գործողություն սկսեց ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։





























