Աբովյանի երկաթահանքում ներկայում մեծ թափով հորատման աշխատանքներ են տարվում, տեղեկացնում է «Էկոլուրը»: Մասնավորապես` Աբովյանին մերձակա Կապուտան գյուղից մի փոքր ներքեւ 4 հորատող մեքենաներ են աշխատում:
Հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանի կարծիքով` Աբովյանի երկաթահանքի շահագործումն ավելի վտանգավոր է, քան Հրազդանինը: Հրազդանի հանքավայրում երկաթը մակերեսին է, իսկ Աբովյանում հանքը գտնվում է ջրերի տակ: «Մեր խմելու ջուրը կփչացնեն, նոր կհասնեն իրենց հանքին»,- «ԷկոԼուր»-ին ասել է Ռ. Յադոյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթահանքերի շահագործման իրավունքը պատկանում է չինական Fortune Oil ընկերությանը:
Աբովյանի երկաթի հանքավայրի պաշարները գնահատվում են 255 միլիոն տոննա` 84 միլիոն տոննա հաստատված եւ 171 միլիոն տոննա հավանական, ինչը թույլ կտա տարեկան մոտ 20 միլիոն տոննա երկաթահանք մշակել եւ արտադրել 8 միլիոն տոննա խտանյութ: Աբովյանի ենթակառուցվածքային բազան նույնն է, ինչ Հրազդանում: Աբովյանի հանքավայրը նախատեսվում է շահագործել 10 տարվա ընթացքում:




























