Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առաջարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները օգտագործել որպես իրավական հիմք՝ Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները փոխանցելու համար, հայտնել են ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունից։
Վեհաժողովի իրավական հանձնաժողովում կարծում են, որ ռուսական միջոցների վերահասցեավորումը Ուկրաինային փոխհատուցումներ վճարելուն կարող է դիտարկվել որպես օրինական հակաքայլ և համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին։
Հանձնաժողովը հաստատել է բանաձևի և հանձնարարականի նախագիծը, որոնք պատրաստվել են բրիտանացի խորհրդարանական Թոնի Վոգանի զեկույցի հիման վրա։ Փաստաթղթում առաջարկվում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ստեղծել ֆինանսական մեխանիզմ, որը թույլ կտա Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներն ուղղել Ուկրաինային վճարումներին։
ԵԽԽՎ-ում նշում են, որ Ուկրաինայի նախաձեռնած երկու միջպետական գործերով ՄԻԵԴ-ը Ռուսաստանին ճանաչել է պատասխանատու պատերազմի ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար։ Միևնույն ժամանակ, Ուկրաինային հասանելիք «արդարացի փոխհատուցման» չափը դատարանը դեռ չի որոշել։ Հանձնաժողովում չեն բացառում, որ խոսքը կարող է լինել միլիարդների, տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր միլիարդավոր եվրոների մասին։
Չնայած 2022 թվականին Ռուսաստանի՝ Եվրոպայի խորհրդից հեռացմանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային նրա մասնակցության դադարեցմանը, մինչ այդ պահը կատարված խախտումների վերաբերյալ ՄԻԵԴ որոշումները շարունակում են տարածվել Ռուսաստանի վրա։ ԵԽԽՎ-ում ընդգծել են, որ միջազգային իրավունքի համապատասխան պարտավորությունը պահպանվում է և չի կարող չեղարկվել ՌԴ ներքին օրենսդրությամբ։
Հանձնաժողովը միաժամանակ ազգային իշխանություններին կոչ է արել պայմաններ ստեղծել Ռուսաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների հասած այլ դիմողների համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ իրենց հասանելիք փոխհատուցումները, եթե Մոսկվան հրաժարվի վճարումներից։
Բացի դրանից, խորհրդարանականներն առաջարկել են ձևավորել այն անձանց հրապարակային ցուցակը, որոնք ճանաչվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներին հանցակից և դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։
Բանաձևի նախագիծը և հանձնարարականը կքննարկվեն ԵԽԽՎ-ի նիստում սեպտեմբերի 30-ին։


























