Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության տղամարդկանց կոչ է արել կարճացնել մորուքները և կրել դրանք, իր բնորոշմամբ, «կրոնին համապատասխան», իսկ կանանց՝ պահպանել հագուստի իսլամական նորմերը՝ չընդօրինակելով արաբական ոճը։ Դրա մասին նա հայտարարել է ուժային դաշինքի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ, գրում է «Коммерсантъ»-ը։
Կադիրովը նշել է, որ Չեչնիայում տղամարդկանցից ոմանք շատ երկար մորուքներ են կրում, սակայն միևնույն ժամանակ մզկիթ չեն հաճախում և չեն մասնակցում ուրբաթօրյա հավաքական աղոթքին։ Նրա բներեշմամբ՝ երկար մորուքներն ու ծալած տաբատները վերածվել են «անհասկանալի նորաձևության», որին սկսում է հետևել երիտասարդությունը։
«Դիմում եմ նրանց. կարճացրեք մորուքները և կրեք դրանք կրոնին համապատասխան»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Կանանց էլ Կադիրովը խորհուրդ է տվել հագնվել իսլամական նորմերին համապատասխան, սակայն չընդօրինակել հագուստի արաբական ավանդույթները։ Նա առանձին հանդես է եկել ամբողջությամբ մարմինը ծածկող քողերի տարածման դեմ՝ նշելով, որ Չեչնիայում ավանդաբար փարանջա չեն կրել։
Իսլամում մորուք կրելը կապված է սուննայի՝ Մուհամմադ մարգարեի կյանքի օրինակի հետ։ Միաժամանակ դրա երկարության վերաբերյալ պահանջները աստվածաբանները տարբեր կերպ են մեկնաբանում։ Փարանջան և նիկաբը, որոնք ամբողջությամբ կամ մասամբ ծածկում են դեմքը, նույնպես համընդհանուր պահանջ չեն բոլոր մահմեդական կանանց համար և առավելապես տարածված են առանձին շրջաններում։




























