ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) սպաները նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների ժամանակ կարող են ընտրատեղամասերում ձերբակալել անօրինական ներգաղթյալներին։
«ICE-ն հատուկ գործողություններ չի ծրագրում ընտրատեղամասերի դեմ։ Ծառայությունն իրականացնում է հետախուզական տվյալների վրա հիմնված հասցեական միջոցառումներ։ Եթե ընտրատեղամասում հանրային անվտանգությանն իրական սպառնալիք լինի, ապա այդ սպառնալիքը ներկայացնող անձինք կարող են ձերբակալվել», — նշել են նախարարությունից՝ պատասխանելով գործակալության հարցմանը։
Գերատեսչությունից նաև հիշեցրել են ղեկավարության այն դիրքորոշումը, որ եթե մարդը ԱՄՆ քաղաքացի չէ, ապա նա չպետք է քվեարկի, հետևաբար՝ ընտրատեղամասում գտնվելու պատճառ չունի։
ICE-ի իրավասությունները վերաբերում են միգրացիոն օրենքների կիրառմանը, այսինքն՝ տարածվում են անօրինական ներգաղթյալների, այլ ո՛չ քաղաքացիների վրա։ Վերջիններիս ծառայության աշխատակիցները կարող են ձերբակալել միայն իշխանության ներկայացուցիչների վրա հարձակվելու կամ իրավապահ գործողություններին խոչընդոտելու դեպքում։
Նոյեմբերին ԱՄՆ-ում կընտրեն Ներկայացուցիչների պալատի նոր կազմը և Սենատի 33 տեղերի ճակատագիրը։ Այս պահին Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկում են հանրապետականները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ խոստացել էր, որ եթե իր կուսակցությունը պահպանի մեծամասնությունը օրենսդիր մարմնում, ապա յուրաքանչյուր չափահաս ամերիկացի կստանա 5000 դոլարի չափով մեկանգամյա վճար։




























