Երևանի խոշորագույն քաղաքաշինական նախագծերից մեկում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում կառուցվող «Նոր Երևան» բնակելի թաղամասում շինարարական աշխատանքներն ընթանում են ակտիվ և առաջանցիկ տեմպով։

Մոտ 8 հեկտար տարածք զբաղեցնող համալիրի շինարարության ընթացքին հերթական շրջայցի ընթացքում ծանոթացել են ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ու «ՄԼ Մայնինգ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Դավիթ Սուքիասյանը։ Տեղում դիտարկվել են իրականացվող աշխատանքների ընթացքն ու որակը, կիրառվող շինարարական նյութերն ու տեխնոլոգիական լուծումները։

Նախագծի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը պայմանավորված է նաև դրա սոցիալական նշանակությամբ։ Կառավարության որոշմամբ՝ համալիրի երրորդ բլոկում իրականացվում է հանրային ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագիրը։
«Այս կառուցապատման ծրագիրը հետաքրքիր է ոչ միայն իր մասշտաբայնությամբ, այլև կարևոր է, քանի որ այս ծրագրում ներառված են 476 հանրային ծառայողների ընտանիքներ, որոնք բնակարան են ձեռք բերել այս թաղամասում»,- շրջայցից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ շինարարության ընթացքը նախատեսված ժամանակացույցից առաջ է։ Սակայն շինարարության արագ տեմպը չի իրականացվում որակի հաշվին։ Համալիրում իրականացվում է տեխնիկական խիստ հսկողություն, պարբերաբար ուսումնասիրվում է կատարվող աշխատանքների որակը։
Ծրագրի շրջանակում բնակարանների արժեքը սահմանվել էր մեկ քառակուսի մետրի համար 364 հազար դրամ։ Համեմատության համար՝ վիճակահանության պահին նույն տարածաշրջանում նորակառույց բնակարանների շուկայական արժեքը կազմում էր մոտ 450 հազար դրամ, իսկ 2026 թվականի հուլիսի դրությամբ արդեն հասել է մոտ 580 հազար դրամի։
Այսինքն՝ ծրագրի շահառուները բնակարան ձեռք են բերել շուկայական արժեքից զգալիորեն ցածր գնով։
«Նոր Երևան» համալիրի երրորդ բլոկի շինարարության ավարտն արդեն տեսանելի է։ Այստեղ մոնոլիտ աշխատանքներն ավարտված են։ Շինարարներն այժմ իրականացնում են ներքին հարդարման աշխատանքներ։
Համալիրի չորրորդ բլոկում, իր հերթին, ակտիվորեն իրականացվում են երկաթբետոնե հիմնակմախքի աշխատանքները։ Այստեղ նույնպես շինարարությունն ընթանում է նախատեսված ժամանակացույցից առաջ։
Ընդհանուր առմամբ «Նոր Երևան» բնակելի համալիրը բաղկացած է 24 մասնաշենքից, որոնք ներառում են 4096 բնակարան և 3180 կայանատեղի։ Համալիրը բաժանված է չորս հիմնական բլոկի՝ յուրաքանչյուրում 6 մասնաշենք, 1024 բնակարան և 795 կայանատեղի։ Համալիրի ներդրումային պորտֆելը ավելի քան 300 միլիոն դոլար է։ Նախագծի հիմքում դրված է ինքնաբավ թաղամաս ստեղծելու գաղափարը, որտեղ բնակիչները կկարողանան իրենց առօրյայի համար անհրաժեշտ հիմնական ծառայություններն ու ենթակառուցվածքները գտնել հենց համալիրի տարածքում։ Մոտ 80 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հողամասի կեսից ավելին նախատեսված է կանաչ գոտիների, ժամանակակից խաղահրապարակների և առողջ ապրելակերպի համար նախատեսված մարզական գոտիների համար։

Նախատեսվում են նաև ջրային մակերեսներ և կանաչապատ տարածքներ, որոնք, նախագծային լուծումների համաձայն, պետք է նպաստեն ներքին բակերում յուրահատուկ միկրոկլիմայի ձևավորմանը։
Համալիրի կենտրոնական հատվածում նախատեսվում է նաև ստորգետնյա սպորտային համալիր՝ լողավազանով, մարտարվեստի դահլիճներով և այլ մարզական սրահներով։
Հայաստանի խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկը՝ «ՄԼ Մայնինգ»-ը, իր «Նոր Երևան» համալիրով, ձևավորում է ոչ միայն նոր բնակելի միջավայր, այլև ժամանակակից ենթակառուցվածքներով ամբողջական թաղամաս։















