Հայաստանի առեւտրային բանկերը փոխանակման կետերի եւ մասնաճյուղերի միջոցով (ներբանկային շուկա) այս շաբաթ` մայիսի 14-18 ընկած ժամանակահատվածում, գնել են մոտ 75 մլն դոլար, վաճառել` մոտ 90 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Արտարժույթով առաջարկի ծավալները բարձր են 2012 թ. շաբաթական միջին ցուցանիշներից (65-70 մլն դոլար): Չնայած այդ հանգամանքին` դոլարի արժեւորման տեմպը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենաբարձրերից մեկն է 2009 թ. մայիսից հետո (1 շաբաթվա ընթացքում դոլարը թանկացավ 3.5 դրամով` 396 -ից հասնելով 399.5-ի): Սա նաեւ խոսում է այն մասին, որ փոխարժեքային տատանումների բոլոր ազդակները գալիս են ֆոնդային բորսայից, որտեղ մի քանի անգամ ավելի քիչ գործարքներ են իրականացվում (այս շաբաթ բորսայում տեղի է ունեցել 17.5 մլն դոլարի առուվաճառք):
Ըստ ԿԲ հրապարակման` բանկերը այս շաբաթ գնել են 145 մլն եվրո եւ վաճառել 152 մլն եվրո: Սա, ամենայն հավանականությամբ, տեխնիկական վրիպակ է` սովորաբար եվրոյով գործարքները մեր ֆինանսական շուկայում գտնվում են 4-5 մլն-ի շրջանակներում: Հավանականությունը, որ մեկ շաբաթվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 30 անգամ` գրեթե զրո է:




























