«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի համար հիմք է հանդիսացել քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներում Կարապետյանին վերաբերող որոշ հատվածներ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Մասնավորապես, գործարարը դատարանին խնդրել է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար հետևյալ բովանդակությամբ, կարգով և խորագրի ներքո․
«Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:
Փաշինյանը պետք է ներողություն այս տեքստը հրապարակի ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով, «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո:
«Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Նիկոլ Փաշինյանի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևէ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը»,- նշվում է հայցադիմումում։
Որպես վիրավորանքի համար փոխհատուցում՝ Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 3 մլն դրամ, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Հայցադիմումը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։



























