«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը որոշեց դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից, քանի որ չի համաձայնել ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ Կոնգրեսի առավել լայն համագործակցության գաղափարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Արամ Սարգսյանի որոշումը նորություն չէ, նա դեռ մի քանի ամիս առաջ էր հայտարարել, որ չի մտնի խորհրդարան: Նա, ըստ էության, պահեց իր խոսքը»,-նշեց նա:

Բոզոյանը ՀԱԿ-ից «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը կապում է նաեւ Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի գործունեության  անհաջողության հետ, որի կազմում ընդգրկված էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

«Այստեղ խնդիրն անգամ այն չէ, թե ով որքան ձայն ստացավ: Այդ կառույցի հիմնական նպատակը ընտրակեղծիքների կանխարգելումն էր, ընտրակեղծիքների պետական մեքենայի շարքից դուրս բերումը, բայց այստեղ շտաբը ձախողվեց: Նաեւ դրանով է պայմանավորված ՀԱԿ-ում սկիզբ առած պառակտման գործընթացը եւ դա նորմալ է»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա կարծիքով, շտաբի ձախողումն էլ ավելի վառ է դարձնում ընտրությունների արդյունքները:

«Պետք չի սոցիոլոգ լինել հասկանալու համար, որ ԲՀԿ-ն չէր կարող 450 հազար ձայն հավաքել: Նման ցուցանիշ ունեցել է «Միասնություն» դաշինը 1999 թվականին: ՀՀԿ-ի ստացած 660 հազար ձայների մասին առավել եւս խոսք լինել չի կարող: Այսինք Հայաստանում կա՞ մեկը, որ հավատում է որ, Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան տանդեմն ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը: Դա անհեթեթություն է: Հենց սա չկարողացավ կանխել միասնական շտաբը, հենց դրանից է դժգոհ նրանց ընտրազանգվածը»,-նշել է Բոզոյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը հետեւողականորեն շարժվում է ժողովրդագրական աղետի ուղղությամբ, իսկ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ժողովուրդը համարյա աղոթում է նրանց, ովքեր իշխանության ղեկին են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսի կազմից: Այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են քաղխորհրդի անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարները: Միաձայն որոշում է կայացվել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից: «Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը»,-հայտարարել էր Արամ Սարգսյանը:

Այսօր ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին հայտարարել է նաեւ Հայաստանի լիբերալ կուսակցությունը: