Մալթան վտանգում է բախվել բարձր մակարդակի կոռուպցիայի նոր դեպքերի, եթե չամրապնդի օրենքի գերակայությունն ու լրագրողների պաշտպանությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Շամի Չակրաբարտին Եվրոպայի խորհրդի հետաքննության առաջին նիստում, որը նվիրված էր լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետևանքներին, գրում է The Guardian-ը։

Չակրաբարտին, որը նախկինում ղեկավարել է Liberty իրավապաշտպան կազմակերպությունը, նշանակվել է Եվրոպայի խորհրդի հետաքննության հատուկ զեկուցող, որը պետք է ուսումնասիրի լրագրողի սպանությունից հետո դատական և ինստիտուցիոնալ ձախողումների պատճառները։ Բարձր մակարդակի կոռուպցիան հետաքննող Կարուանա Գալիցիան զոհվել է 2017 թվականի հոկտեմբերին ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։

Նոր հետաքննությունը սկսվել է հասարակական վրդովմունքի ֆոնին՝ ազդեցիկ մալթացի գործարար Յորգեն Ֆենեկի արդարացումից հետո։ Սեպտեմբերի 2-ին երդվյալ ատենակալների դատարանը 8 կողմ, 1 դեմ ձայների մեծամասնությամբ նրան անմեղ է ճանաչել լրագրողի սպանությանը մասնակցության վերաբերյալ երկու մեղադրանքներով էլ։ Ֆենեկը հերքում է, որ նրա սպանության համար միջնորդին 150 հազար եվրո է փոխանցել։

«Սպանությունից, որը ցնցեց Մալթայի հասարակական կյանքի բուն հիմքերը, անցել է գրեթե ինը տարի, բայց հանցագործության հետևում կանգնած անձը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել»,- հայտարարել է Չակրաբարտին։

Լրագրողի որդին՝ Մեթյու Կարուանա Գալիցիան, որը նիստում հանդես է եկել որպես առաջին վկա, հայտարարել է, որ մալթական հանրությունը տեսել էր Ֆենեկի դեմ ապացույցները և հիմնականում համոզված էր նրա առնչության մեջ։ Ըստ նրա՝ կայացված դատավճիռը «ամբողջական անվստահության մթնոլորտ» է առաջացրել այն հարցում, թե ինչպես են երդվյալ ատենակալները նման որոշման հանգել։ Լրագրողի քույրը՝ Կորիննա Վելլան, նույնպես կասկածի տակ է դրել դատավճիռը։

Ինչպես հաղորդվում է, Մալթայի պետական մեղադրողը բողոքարկում է պատրաստում՝ նոր դատաքննության հասնելու նպատակով։

Չակրաբարտին հայտարարել է, որ հետաքննության ընթացքում կուսումնասիրի, թե ինչու Մալթան չի կատարել լրագրողի սպանության վերաբերյալ նախորդ հանրային հետաքննության բազմաթիվ հանձնարարականներ։ Մասնավորապես, այն կոչ էր անում ընդունել ավելի խիստ օրենքներ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, ինչպես նաև քրեականացնել ոստիկանական հետաքննություններին խոչընդոտելը և պաշտոնեական լիազորությունների չարաշահումը։

«Ես խորապես մտահոգված եմ առանցքային ոլորտներում բարեփոխումների ակնհայտ բացակայությամբ, ինչը Մալթային խոցելի է դարձնում բարձր մակարդակի կոռուպցիայի կրկնվող դեպքերի նկատմամբ և սահմանափակում է մամուլի ազատությունը, որը պետք է օգնի հակազդել դրան»,- ասել է նա։

Նիստում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին մտահոգություն են հայտնել Ֆենեկի արդարացման կապակցությամբ։ Ռումինացի քաղաքական գործիչ Յուլիան Բուլայը Եվրամիությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մալթայի վրա և հնրավոր է համարել կիրառել այն մեխանիզմը, որն օրենքի գերակայությանն առնչվող խնդիրների դեպքում թույլ է տալիս սահմանափակել պետության հասանելիությունը եվրոպական ֆինանսավորմանը։

Նախորդ հետաքննությունը հանգել էր այն եզրակացության, որ մալթական պետությունն ուղղակիորեն ներգրավված չի եղել սպանությանը, սակայն պատասխանատվություն է կրում անպատժելիության մթնոլորտ ստեղծելու համար։ Եվրոպայի խորհրդի նոր հետաքննությունը, որը ստացել է «Ուշացած արդարադատություն. Դաֆնե Կարուանա Գալիցիայի գործով հանձնարարականների չավարտված կատարումը» անվանումը, նախատեսվում է ավարտել մոտ մեկ տարի անց։