Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե ինքը չի տիրապետում իրավիճակին, քանի որ իր ենթակաները կաշառքի գործերի մեջ են։

«Գլուխները պատին են տալիս այդպիսի կարծիք հնչեցնողները»,- այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների մարզպետարանի կրթության վարչության պետը գրախանութ ունի, բոլորին ուղղորդել է այնտեղ, գերթանկարժեք մեքենա է վարում, արդյոք ինքը տեղյակ չի եղել՝ ինչով է զբաղված իր ենթական, Կարեն Սարգսյանն ասաց. «Նախ ուզում եմ, որ դուք այդ ձեր ենթատեքստերը ձեր հարցերից հանեք, որովհետև այդ ենթատեքստերով դուք ուզում եք տպավորություն ստեղծել, ինչը ինձ դուր չի գալիս։ Դա իմ պատվի հարցն է։

Երկրորդը, այն, ինչ արել է վարչության պետը կամ մյուսները, որոնք ներգրավված են եղել, իրենց արժանի պատիժը կստանան։ Եթե իրենք չեն հասկացել, որ ներկա իշխանության օրոք որևէ մեկը կոռուպցիայով եթե զբաղվի, ինքը հասնելու է այն հին մարդկանց, որոնք բանտում փտում են, թող իրենք այդպիսի բանով զբաղվեն։ Ես վստահեցնում եմ, որ իրավապահ մարմինները այդպիսի բանով զբաղվող բոլոր պետական աշխատողների հետևից գնալու են։

Այն, ինչ որ կատարվել է, կատարվել է նախընտրական ու հետընտրական շրջանում, երբ մարզպետը գտնվել է արձակուրդում կամ զբաղված է եղել ընտրություններով։ Իմ պատկերացմամբ դա է եղել, պատճառը, որ իրենք կարողացել են այդպիսի բանի մեջ մտնել։ Ամեն դեպքում ես ինքս օգնելու եմ, որ ամեն ինչ բացահայտվի»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նախօրեին ձերբակալվել էին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ՝ թվով 8 անձ: Նշված վարչության պետը, որը ըստ մամուլի հրապարակումների, Կարեն Զազյանն է, մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։

Կարեն Զազյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Զազյանը Գավառում բավական ազդեցիկ կապեր ունեցող պաշտոնյա է։ Նրա հարազատ քույրը՝ Լարիզա Զազյանը, եղել է Գավառի հատուկ դպրոցի տնօրեն, իսկ նրա աներորդին ՀՀ աշխատանք և առողջապահական տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն է։

Զազյանի անունը, ըստ Գավառից ստացված տեղեկությունների, կապվում է նաև քաղաքում գործող գրախանութի հետ, որը աշխատեցրել է նրա մայրը, և բոլորը գիտեն, որ կրթական աքսեսուարները պետք է գնել այդ խանութից։

Կարեն Զազյանի պաշտոնավարման պատմության մեջ ուշագրավ է նաև նրա կապը մարզպետարանի Կրթության վարչության նախկին պետ Գարիկ Բադալյանի հետ։ Զազյանը Բադալյանի սանիկն է և հետագայում զբաղեցրել է քավոր Բադալյանի պաշտոնը։