Չիլիի հարավում գտնվող Վիլյա-Կոմույ բնակավայրում տարեցների խնամքի տանը բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 10 բնակիչ տարհանվել է։ Այս մասին հայտնում է La Tercera պարբերականը։

Հրդեհը բռնկվել է ուրբաթ ուշ երեկոյան Արաուկանիա մարզի Պիտրուֆկենի շրջանում՝ քաղաքից մոտ 32 կիլոմետր հեռավորության վրա։

Կրակը բռնկվել է տեղական ժամանակով շուրջ 22:30-ին։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական յոթ ջոկատ, ինչպես նաև Վիլյա-Կոմույի, Պիտրուֆկենի և հարևան բնակավայրերի հիվանդանոցներից ժամանած շտապօգնության բրիգադներ։

Չիլիի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման ազգային ծառայության (Senapred) տարածաշրջանային վարչությունը հաստատել է, որ կրակը պատել է Վիլյա-Կոմույի շրջանում՝ S-70 ճանապարհի 21-րդ կիլոմետրի վրա գտնվող տարեցների խնամքի տան շենքը։

Արաուկանիայի կարաբիներների վարչության պետ, գեներալ Միգել Հերերան հայտնել է, որ շենքից հաջողվել է տարհանել միայն 10 մարդու։ Նրա խոսքով՝ հրշեջները ներսում հայտնաբերել են 16 զոհի մարմին։

Դատախազության հանձնարարությամբ՝ հրդեհի հանգամանքները քննում են ոստիկանության քրեագիտական լաբորատորիայի (Labocar) մասնագետներն ու OS-9 ստորաբաժանման աշխատակիցները։ Հետաքննությունն իրականացվում է Արաուկանիայի մարզային դատախազության՝ կազմակերպված հանցավորության և սպանությունների քննության խմբի (ECOH) ղեկավարությամբ։

Շաբաթ լուսադեմին հրշեջները, կարաբիներներն ու տեղական վարչակազմի ներկայացուցիչները շարունակել են ապամոնտաժել փլատակներն ու անվտանգություն ապահովել դեպքի վայրում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Տուժածների և տարհանվածների համար իշխանությունները ժամանակավոր ապաստարան են տրամադրել La Frontera դպրոցի շենքում։ Քննությունը պետք է պարզի կրակի բռնկման և տարածման հանգամանքները։