Չորս զինյալներ սպանվել, իրանական անվտանգության ուժերի ևս երեք աշխատակիցներ զոհվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Սերավան քաղաքում, մահափորձ նախապատրաստող ահաբեկչական խմբի դեմ իրականացված գործողության ընթացքում։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ցամաքային բազան, փոխանցել է Tasnim-ը։
Բազայի մամուլի ծառայության շաբաթ օրը հրապարակած հայտարարության համաձայն՝ ահաբեկչական խումբը բացահայտվել է քաղաքացիների հաղորդումից և հետախուզական միջոցառումների իրականացումից հետո։ Գործողությունը սկսվել է սեպտեմբերի 12-ի լուսաբացին։
Մասնակցել են ԻՀՊԿ, հետախուզության նախարարության և Սիստան ու Բելուջիստան նահանգի իրավապահ հրամանատարության ստորաբաժանումները։
Գործողության արդյունքում ոչնչացվել են ահաբեկչական խմբի չորս անդամներ։ Թաքստոցում հայտնաբերվել են զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Գործողությունը շարունակվել է մինչև կեսօր։
«Քուդս» բազայի տվյալներով՝ մարտական բախման ընթացքում զոհվել են նաև իրանական հետախուզական և ուժային կառույցների երեք աշխատակիցներ։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական ճակատում «խոշոր պարտությունից» հետո հանձնարարել են ահաբեկչական խմբավորումներին ապակայունացնել իրավիճակը Սիստան և Բելուջիստան նահանգում՝ իրենց անհաջողությունները քողարկելու համար։
ԻՀՊԿ-ում նաև հայտարարել են, որ ոչնչացված ահաբեկչական խմբի մասնակիցների թիվը կարող է աճել։




























