ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սմիթսոնյան ինստիտուտին առաջարկել է Ամերիկյան պատմության ազգային թանգարանի մոտ տեղադրել Ջորջ Վաշինգտոնի 30 ֆուտանոց (մոտ 9,1 մ) արձանը, ինչպես նաև բացել երկրի առաջին նախագահին նվիրված հատուկ ցուցադրություն։
Համապատասխան առաջարկով Թրամփը հանդես է եկել ուրբաթ իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակումներով։ Նա առաջարկել է ցուցադրությունը բացել արդեն հիմա և անցկացնել այն մինչև 2032 թվականի փետրվարի 22-ը՝ Վաշինգտոնի ծննդյան 300-ամյակը։
ԱՄՆ Սահմանադրության օրվա կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 17-ին, Թրամփը նաև կոչ է արել թանգարանի Դրոշների սրահում տեղադրել Վաշինգտոնի 11 ֆուտանոց (մոտ 3,4 մ) արձանը, որը ներկայացվել էր IndyCar Freedom 250 վերջին մրցարշավում։
Բացի այդ, նախագահն առաջարկել է փոխել թանգարանի առջև գտնվող նյույորքցի նկարիչ Ժոզե դե Ռիվերայի «Infinity» աբստրակտ քանդակը։ Դաշնային կառավարության պատվերով ստեղծված և 1967 թվականին տեղադրված այս գործը Թրամփը ցանկանում է փոխարինել Վաշինգտոնի 30 ֆուտանոց արձանով։
«Նա, անկասկած, Ամերիկայի մեծագույն հերոսն է։ Առանց նրա մեր երկիրն ու մեր ազատությունները չէին լինի», — գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև քննադատել է թանգարանի ներկայիս ցուցադրությունը՝ հայտարարելով, որ այնտեղ բավարար չափով չի ներկայացվում Անկախության պատերազմի ժամանակ Վաշինգտոնի՝ Դելավեր գետն անցնելու հայտնի դրվագը։
Վերջերս փակված Center for Restorative History ծրագրի փոխարեն, որը նվիրված էր այն պատմություններին և խմբերին, որոնք, կազմակերպիչների կարծիքով, նախկինում բավականաչափ չեն լուսաբանվել ազգային պատմական պատումի մեջ, Թրամփն առաջարկել է ստեղծել «Ամերիկյան հերոսների կենտրոն»։
Միաժամանակ, անհասկանալի է, թե արդյոք ԱՄՆ նախագահն ունի լիազորություններ ինքնուրույն կարգադրելու ցուցադրությունների փոփոխությունը կամ արձանի տեղադրումը, գրել է Associated Press-ը։
Սմիթսոնյան ինստիտուտը չի մտնում ԱՄՆ գործադիր իշխանության կազմի մեջ, նրա գործունեությունը վերահսկում է ռեգենտների խորհուրդը։ Դրա կազմում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական անդամներ։
Մարտին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն ուղղված էր Սմիթսոնյան ինստիտուտի աշխատանքի փոփոխմանը և այն ծրագրերի ֆինանսավորման սահմանափակմանը, որոնք, նրա գնահատմամբ, առաջ են մղում «պառակտող նարատիվներ» և «անպատշաճ գաղափարախոսություն»։ Հուլիսին նրա վարչակազմը կարգադրել է Ամերիկյան պատմության ազգային թանգարանի առջև տեղադրել ցուցանակներ, որոնք այցելուներին զգուշացնում են, որ որոշ ցուցանմուշներ և դրանցում ներկայացված մեկնաբանությունները ճշգրիտ չեն։
Հուշարձանների վերաբերյալ առաջարկները դարձել են Թրամփի՝ Վաշինգտոնի տեսքը փոխելու քաղաքականության մշտական բաղադրիչներից մեկը։ Մասնավորապես, նա ցանկանում է Պոտոմակ գետի երկայնքով ստեղծել զբոսայգի՝ 250 նշանավոր ամերիկացիների արձաններով։ Բացի այդ, Վաշինգտոնի արձանն արդեն հայտնվել է Սպիտակ տան Վարդերի այգու վերակառուցված տեռասում։
Սմիթսոնյան ինստիտուտի ղեկավար Լոնի Բանչը այս շաբաթ հայտարարել է, որ տարվա վերջին կլքի պաշտոնը։





























