Կանադական Նոր Շոտլանդիա նահանգի բնակիչ Սոլ Հաֆթինգը հայտնվել է Guinness World Records 2027 գրքում՝ անսովոր նվաճման շնորհիվ. նա պոգո-ձողի վրա ցատկելով 211 Ռուբիկի խորանարդ է հավաքել։ Պոգո-ձողը մարզական սարք է՝ ուղղահայաց հենակով, երկու ոտնատեղով և զսպանակային մեխանիզմով, որը թույլ է տալիս թռչկոտել՝ պահպանելով հավասարակշռությունը։ 21-ամյա կանադացին այս ռեկորդը սահմանել էր դեռ 2021 թվականին, երբ նա 16 տարեկան էր, սակայն Գինեսի ռեկորդների գրքի տպագիր հրատարակության մեջ նրա անունը հայտնվել է միայն հիմա, գրում է UPI-ն։

Աննապոլիս Ռոյալ քաղաքից Հաֆթինգը ռեկորդ է սահմանել «Պոգո-ձողի վրա հավաքած պտտվող գլուխկոտրուկների ամենամեծ քանակը» անվանակարգում։ Նրա՝ 211 խորանարդի արդյունքը պաշտոնապես հաստատվել է 2022 թվականին և գերազանցել նախորդ ռեկորդը, որը կազմում էր 65 խորանարդ։

Նվաճման հաստատումից հետո Հաֆթինգը ստացել է վկայական և գրանցվել Guinness World Records-ի կայքում։ Սակայն ռեկորդների գրքի ամենամյա տպագիր հրատարակության մեջ այդ ժամանակ նրա ռեկորդը չէր ներառվել։

Կանադացին հայտնել է, որ միայն այս տարվա սկզբին են կազմակերպության ներկայացուցիչները նրան տեղեկացրել, որ իր նվաճումը կհրապարակվի Guinness World Records 2027-ի մեջ, որն արդեն վաճառքում է։

«Սա զարմանալի է։ Ես շատ ուրախ եմ ստանալ իմ օրինակը, թերթել այն և այնտեղ տեսնել իմ անունը», — ասել է Հաֆթինգը։

Նա խոստովանել է, որ ռեկորդ սահմանելիս չգիտեր, թե որքան երկար կկարողանա այն պահպանել։ Միաժամանակ, նույնիսկ եթե ապագայում ինչ-որ մեկը գերազանցի իր արդյունքը, կանադացին կարծում է, որ արդեն իսկ ռեկորդակիրների թվում երկար տարիներ մնալու փաստը իրեն գոհունակություն է պատճառում։

Այժմ Հաֆթինգը ծրագրում է մասնակցել Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակությանը նվիրված մեդիա-շրջագայությանը և ցուցադրել իր անսովոր հմտությունը։