Հայաստանի քաղաքացի Արփինե Միսակյանը մոտ երեք ամիս անցկացրել է ԱՄՆ ներգաղթի մեկուսարանում այն բանից հետո, երբ ամուսնու հետ վիճաբանության ժամանակ նրան ապտակել է Las Vegas-ի Encore հյուրանոցի բուֆետում, հաղորդում է WKRN.com։

Հետագայում ընտանեկան բռնության մեղադրանք չի ներկայացվել, սակայն կնոջը ձերբակալել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE), որից հետո նա համաձայնել է կամավոր մեկնել և արտաքսվել է Հայաստան։

Միսակյանին ձերբակալել են ապրիլի 6-ին Encore Las Vegas հյուրանոցում՝ ամուսնու՝ Կարեն Հարությունյանի հետ The Buffet at Wynn-ում ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո։ Ոստիկանության արձանագրության համաձայն, ամուսինները վիճել են հեռախոսի պատճառով, ինչից հետո Միսակյանը հարվածել է ամուսնուն։ Հյուրանոցի տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են տեղի ունեցածը։

Հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած սպաները բախվել են լեզվական արգելքի. Հարությունյանը խոսում էր ռուսերեն։ Տեսագրության մեջ նա ոստիկաններին բացատրել է, որ ամուսինների միջև ընտանեկան վիճաբանություն է տեղի ունեցել։

Ձերբակալությունից հետո Միսակյանը բողոքել է բարձր ճնշումից և շնչառական խնդիրներից։ Նրան պատգարակով դուրս են բերել հյուրանոցից և տեղափոխել Հարավային Նևադայի համալսարանի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ այնտեղ են ժամանել ICE-ի աշխատակիցները և ձերբակալել կնոջը։ Այդ պահին, ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, նրա ապաստանի տրամադրման գործը գտնվում էր քննության փուլում։

Սկզբում Միսակյանը պահվել է Հենդերսոնի մեկուսարանում, այնուհետև տեղափոխվել է Adelanto ICE Processing Facility ներգաղթային կենտրոն։ ICE-ի տվյալներով, ապրիլի 8-ին գերատեսչության աշխատակիցները 28-ամյա Միսակյանին ձերբակալել են Քլարք շրջանի քննչական մեկուսարանում։ Հուլիսի 4-ին նա լքել է ԱՄՆ-ն և ուղարկվել Հայաստան։

ICE-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միսակյանը համաձայնել է կամավոր մեկնել։ Միևնույն ժամանակ Քլարք շրջանի դատախազությունը հրաժարվել է հարուցել ընտանեկան բռնության մեղադրանքով գործը, որը դարձել էր նախնական ձերբակալության պատճառը։

Լաս Վեգասի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ գործը, սակայն ամերիկյան KLAS հեռուստաալիքին տրամադրել է ICE-ի հետ փոխգործակցության իր կանոնները։ Այդ կանոնների համաձայն, ոստիկանությունը ներգաղթի ծառայությանը տեղեկացնում է օտարերկրացիների ձերբակալության և ազատ արձակման մասին, որոնք մեղադրվում են, մասնավորապես, ընտանեկան բռնության, հարբած վիճակում մեքենա վարելու, գողության և որոշ այլ զանցանքների մեջ։

Ձերբակալության տեսագրության մեջ նաև երևում է ոստիկանների և Միսակյանի դստեր միջև տեղի ունեցած վիճաբանությունը, երբ նա փորձում էր մնալ մոր կողքին։ Այն բանից հետո, երբ աղջկան հայտնել են, որ նրա մայրը գտնվում է կալանքի տակ, նա խնդրել է թույլ տալ իրեն բռնել մոր ձեռքը, որպեսզի հանգստացնի նրան։

Deportation Data Project-ի տվյալներով, հուլիսին ICE-ը իրականացրել է 301 ձերբակալություն, որոնց մեծ մասը բաժինը վերաբերել է Նևադայի հարավային հատվածին։