«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Երեւանում «DIY» բարի վրա հարձակման մասին հայտարարությամբ, ընդգծելով, որ միջադեպի նկատմամբ հայ պաշտոնյաների վերաբերմունքը ապշեցուցիչ է:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ  երեւանյան բարում տեղի ունեցածը դատապարտելու փոխարեն, պետական որոշ պաշտոնյաներ «հանդես են եկել հոմոֆոբիական հայտարարություններով եւ թողտվության են մատնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը»: 

«Մայիսի 8-ին իրենց «ֆաշիստներ» անվանող երիտասարդները վերահսկող տեսախցիկներով նկարահանվել են այն պահին, երբ «Մոլոտովի կոկտեյլով» շիշ են նետել Երեւանի կենտրոնում գտնվող բարի պատուհանին, որտեղ հավաքվում են նաեւ նույնասեռականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երիտասարդների փոխարեն տուգանքը վճարել են  ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության խորհրդարանականները: Նրանք էլ հետագայում հայտարարել էին, որ բարի վրա հարձակումն իրականացվել էր  «սոցիալական եւ ազգային գաղափարախոսության համատեքստում», նշում են  «Amnesty International»-ի իրավապաշտպանները: Կազմակերպությունը նաեւ մեջբերում է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը: 

Կազմակերպության փորձագետները նշում են, որ ՀՅԴ-ն իրեն  հեռու էր պահում միջադեպից, բայց եւ  գործընկերներին էլ կոչ չի արել ներողություն խնդրել ատելության հողի վրա հանցագործությանը ենթադրյալ աջակցության համար:

«Երեւանում հարձակման վերաբերյալ պաշտոնական պատասխանը միանգամայն ապշեցուցիչ է:  ԼԳԲՏ  համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը զիջում չէ, այլ միջազգային իրավունքի պարտականություն, որին հավատարիմ է նաեւ Հայաստանը»,- հայտարարել է  «Amnesty International»-ի Երեւանյան եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի տնօրեն Ջոն Դալհուսեյնը:

Ընդհանուր առմամբ կազմակերպությունը Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ավելին անել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար: