Սեպտեմբերի 15-ի գիշերը ՆԱՏՕ-ի կործանիչները անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի երկնքում, հայտնել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ «Շնորհակալ եմ դաշնակիցներին արագ արձագանքման համար», — X սոցիալական ցանցում գրել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։ LRT պարբերականի փոխանցմամբ՝ անօդաչուն Լիտվայի օդային տարածք է ներխուժել Բելառուսի կողմից՝ կեսգիշերից ընդամենը մի քանի րոպե անց։ Հնարավոր օդային վտանգի մասին նախազգուշացում նախ են ստացել Վիլնյուսի, Տրակայի և Էլեկտրենայի շրջանների, իսկ ավելի ուշ՝ Կաունասի նահանգի բնակիչները։
Մոտ կես ժամ անց անօդաչուն ոչնչացրել են իտալական կործանիչները։ Բեկորներն ընկել են Կայշյադորիսի շրջանի Պրատկունայ գյուղի մոտակայքում, որտեղ ընդամենը մի քանի մարդ է ապրում։ LRT-ն նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի երկնքում դրոն են ոչնչացնում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը հայտարարել է, որ անօդաչուն «մեծ հավանականությամբ» պայթուցիկ է տեղափոխել։ Այն մարտական է եղել, թե ոչ, դեռ պարզված չէ։ Միջադեպի պատճառով Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։ Delfi-ի փոխանցմամբ՝ Անթալիայից և Ռեյկյավիկից իրականացվող երկու չվերթ է հետաձգվել։
Մինչ այս Լիտվան բազմիցս էր բախվել իր օդային տարածք անօդաչուների ներխուժման դեպքերին։ Վերջին երկու տարում նման միջադեպերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ «Նովայա-Եվրոպա»-ի հաշվարկների՝ 2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի մայիսը Լիտվայում և մերձբալթյան մյուս երկրներում գրանցվել է անօդաչուների հայտնվելու առնվազն 24 դեպք։ Ընդ որում, ընթացիկ տարվա սկզբից ի վեր նման դեպքերի թիվը կազմում է 15։ Սրա ֆոնին Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը մերձբալթյան երկրներին կոչ է արել պատրաստվել անօդաչուների կանոնավոր ներխուժումներին։ Մասնավորապես, նա ընդգծել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի հզորացման կարևորությունը և հայտնել ռադարների ու օդային տարածքի պաշտպանության ոլորտում նոր ներդրումների մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ մերձբալթյան երկրներում անօդաչուների հետ կապված միջադեպերին դաշինքի արձագանքն անվանել էր «հանգիստ, վճռական և համաչափ»։ Մինչ այդ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս սպառնացել էին մերձբալթյան երկրներին՝ մեղադրելով նրանց Ուկրաինային անօդաչուներ արձակելու հարցում օգնելու մեջ։ Վլադիմիր Պուտինը բացահայտ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխան հարվածներ կհասցնի Եվրոպայի այն պետություններին, որոնք թույլ կտան իրենց տարածքից ուկրաինական անօդաչուներ արձակել։





























