Volvo ավտոարտադրողը ներկայացրել է նոր ուժային կայանք իր երկու խոշորագույն քրոսովերների՝ XC60-ի և XC90-ի վերալիցքավորվող հիբրիդային տարբերակների համար, գրում է Autocar-ը։

Ավելի մեծ տարողությամբ մարտկոցի շնորհիվ XC60-ը միայն էլեկտրական քարշով կկարողանա անցնել մինչև 200 կիլոմետր, ինչը կդառնա վերալիցքավորվող հիբրիդների շարքում ամենաբարձր ցուցանիշներից մեկը։

Նոր ուժային կայանքը կառուցված է 2-լիտրանոց չորսմխոց բենզինային շարժիչի շուրջ, սակայն մարտկոցի տարողությունը ավելացվել է 19-ից մինչև 41,2 կՎտ·ժ։ Բացի այդ, ավտոմեքենան ստացել է ավելի հզոր էլեկտրաշարժիչ։ Նոր տարբերակների քարշակումը լիաքարշ է։

XC60-ի համար առաջարկվում են երկու մոդիֆիկացիա։ 178 ձիաուժ հզորությամբ T6 տարբերակը կկարողանա էլեկտրական քարշով անցնել մինչև 200 կիլոմետր, իսկ ավելի հզոր՝ 246 ձիաուժանոց T8-ը՝ մինչև 188 կիլոմետր։ Այս ցուցանիշները հաշվարկված են WLTP մեթոդաբանությամբ և նախատեսված են առաջին հերթին ավտոմեքենաների համեմատության համար. իրական ընթացքի պաշարը կախված է երթևեկության պայմաններից։

XC60 T6-ի էլեկտրական ընթացքի պաշարը ավելի քան երկուսուկես անգամ գերազանցում է նախորդ վերալիցքավորվող հիբրիդային տարբերակի ցուցանիշը, որը կարողանում էր առանց բենզինային շարժիչը գործարկելու անցնել մոտ 79 կիլոմետր։ Համեմատության համար՝ BMW X3 30e-ի էլեկտրական ընթացքի պաշարը կազմում է մոտ 90 կիլոմետր, Audi Q5 TFSI e-ինը՝ մոտ 100 կիլոմետր, իսկ Mercedes-Benz GLC PHEV-ինը՝ մոտ 129 կիլոմետր։

Դրոշակակիր XC90-ը կստանա 246 ձիաուժ հզորությամբ T8 ուժային կայանք և կկարողանա առանց բենզինային շարժիչը գործարկելու անցնել մինչև 161 կիլոմետր՝ ներկայիս տարբերակի 61 կիլոմետրի դիմաց։ Մեծացված մարտկոցը լիովին կլիցքավորվի մոտ չորս ժամում՝ 16 Ա հոսանքով տնային ցանցից։

Միևնույն ժամանակ Volvo-ն շեշտը դնում է ոչ միայն էլեկտրական ընթացքի ավելացման վրա։ Նոր մարտկոցները պետք է տեղադրվեն այնպես, որ չնվազեցնեն XC60-ի բեռնախցիկի ծավալը, որը բարձրացված հետևի նստատեղերի դեպքում կազմում է 468 լիտր։

Միաժամանակ XC60-ը ստացել է արտաքին տեսքի նկատելի թարմացում։ Ամբողջությամբ վերամշակվել է ավտոմեքենայի առջևի մասը՝ ներառյալ կապոտը, թևերը, բամպերը և ռադիատորի ցանցը, հայտնվել են նոր մատրիցային LED լուսարձակներ՝ «Թորի մուրճ» ֆիրմային ոճով։ Փոփոխությունները դիպել են նաև թափքի հետևի մասին։

Սրահում տեղադրված է նոր 11,2-դյույմանոց սենսորային էկրան՝ Volvo-ի թարմացված մուլտիմեդիա համակարգով, ներառյալ Gemini AI ձայնային օգնականը։ XC90-ը 2024 թվականի խոշոր թարմացումից հետո արտաքինից չի փոխվել, սակայն նույնպես ստացել է նոր տեղեկատվական-զվարճանքի համակարգ։

Թարմացված ավտոմեքենաների վաճառքը պետք է սկսվի առաջիկա ամիսներին։