Չինաստանի մայրաքաղաքում մեկնարկում է Սյանշանյան անվտանգության 13-րդ միջազգային ֆորումը։ ՉԺՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-17-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են շուրջ 100 երկրից, տարածաշրջանից և միջազգային կազմակերպությունից ժամանած պաշտոնական ներկայացուցիչներ։

ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցզյան Բինի խոսքով՝ ֆորումի ավելի քան 60 մասնակիցներ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ կամ ԶՈՒ գլխավոր շտաբերի պետեր են։ «Աշխարհագրական լայն ընդգրկումն ու բարձր ներկայացուցչականությունը արտացոլում են ֆորումի անփոփոխ արժեքները՝ բացությունն ու ներառականությունը», — ընդգծել է նա։

Ինչպես նշում են կազմակերպիչները, 2026 թվականին լրանում է ֆորումի 20-ամյակը, և այն արդեն դարձել է «Չինաստանի ռազմական դիվանագիտության վառ այցեքարտը»։ Այդ պատճառով այս տարվա միջոցառումը «կապող օղակի նշանակություն է ստանում անցյալի ու ապագայի միջև»։ «Ստեղծման պահից ի վեր Պեկինի Սյանշանյան ֆորումն անշեղորեն առաջնորդվում է հավասարության, բացության, ներառականության և փորձի փոխանակման ոգով՝ անդադար խորացնելով երկխոսությունն ու մտքերի փոխանակումը, մշտապես կատարելագործվելով ու զարգանալով», — ընդգծվում է նրանց պաշտոնական հայտարարության մեջ։

Աշխատանքային այցով ՉԺՀ-ում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմասնակցի ֆորումին։