Երեք շաբաթ առաջ Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է գրեթե 1,400 մարդ, ևս 4,000-ը համարվում է անհետ կորած։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է EFE գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ աղետի ահռելի մասշտաբների պատճառով շատ զոհերի հուղարկավորել են նախքան նրանց ինքնությունը հաստատելը։ Առայժմ ինքնությունը պարզվելուց հետո հուղարկավորվել է ընդամենը 103 մարդ։

Ավելի ճշգրիտ նույնականացման համար Նեպալում ԴՆԹ նմուշներ են վերցնում ինչպես զոհվածների մարմիններից, այնպես էլ անհետ կորածների հարազատներից։

Ջրհեղեղից ի վեր չի հաջողվել կապ հաստատել ավելի քան 4,000 մարդու հետ, որոնցից 610-ն օտարերկրացիներ են։

Օգոստոսի 26-ի ջրհեղեղը Նեպալում բարձրլեռնային սառցադաշտի փլուզման հետևանք է եղել։ Սառույցի, քարերի ու ցեխի զանգվածային փլվածքն ազդել է նաև Չինաստանի սահմանամերձ գոտու վրա, որտեղ, չինական իշխանությունների տվյալներով, զոհվել է 43 մարդ, իսկ 519-ը համարվում է անհետ կորած (որոնցից 261-ը՝ 23 երկրների քաղաքացիներ)։