Հայաստանի Կառավարության անդամների երդման նոր տեքստի նախաբանում ամրագրված նպատակներին հասնելու համար մեր միջից անհրաժեշտ է արմատախիլ անել դաշնակցականությունը։ Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի երկրորդ և վերջնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Դաշնակցականությունը պետք է մինչև վերջին արմատները բնաջնջվի հայ քաղաքական մտքից։ Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի, իսկ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա Հայաստանի Հանրապետության կայուն գոյության, անկախության և ինքնիշխանության հիմնարար նախապայմանն է», — հայտարարել է Եղոյանը՝ մատնացույց անելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որոնք քիչ առաջ խիստ քննադատության էին ենթարկել առաջարկվող փոփոխությունները։

Եղոյանն աստիճանաբար կորցնում էր ինքնատիրապետումը։ Նա սկսեց գոռալ Վարդանյանի ուղղությամբ, իսկ վերջինս պատասխանում էր ժպիտով։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների սրտով էին Եղոյանի գոռգոռոցներն ու կոշտ ձևակերպումները․ նրանք նույնիսկ ծափահարում էին։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որևէ ձևով չէր միջամտում և հանգիստ հետևում էր ընթացքին։ Այնուամենայնիվ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի միջամտությունից հետո ԱԺ նիստը վարողը ստիպված եղավ ակամա միջամտել՝ հիշելով իր անմիջական պարտականությունների մասին։ Նա, մասնավորապես, Եղոյանին կոչ արեց հանդարտվել ու ելույթը շարունակել ավելի հանգիստ տոնով՝ միևնույն ժամանակ պարզաբանելով, թե իբր Եղոյանը չէր խոսում ՀՅԴ-ի ֆիզիկական ոչնչացման մասին։ Ընդ որում, նա բացահայտ աջակցեց Եղոյանի որոշ թեզերին՝ առանց հստակեցումների մեջ խորանալու։