ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը բառիս բուն իմաստով ֆաշիստական, թուրք–ֆաշիստական հայտարարությամբ հանդես եկավ՝ խոսելով այն մասին, որ պետք է արմատախիլ անել Դաշնակցությունը և նույնիսկ մատով ցույց տվեց մեր շարքերի ամենաերիտասարդ պատգամավոր Քրիստինե Վարդանյանին և ասելով, որ վերջին դաշնակցականը նա պետք է լինի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Առաջին զուգահեռը, որ գնաց Թալեաթի հայտնի միտքն էր, որ ցեղասպանության մեծագույն հեղինակներից մեկն էր, որն ասում էր՝ մեկ հայ պետք է լինի, այն էլ թանգարանում, որը հետո պատճենեց Հիտլերը։ Դուք պատկերացնո՞ւմ եք ԱԺ–ի բբարոյականությունը, քաղաքական մտքի ճողվածքը ինչ մակարդակի է հասել, որ մարդը, ով եղել է եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը, մարդիկ, որոնք խոսում են եվրոպական արժեքներից, ժողովրդավարությունից, հանդուրժողականությունից, էթիկայից և այլն, խոսել ֆաշիստական բառապաշարով, խոսել քաղաքական հարթակից։ Ավելի քան ակնհայտ է, որ ինչպես ՀՀ սահմանադրությունն է այսօր գրվում Բաքվում և համադրվում Թուրքիայի հետ, նույն կերպ սա այն օտարածին, թուրք-ադրբեջանական օրակարգն է։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքուն իր կոլեգաների հետ հասավ նրան, որ ցեղասպանության ճանապարհով էթնիկ զտման ենթարկեց Արցախի Հանրապետությունը։ Սա քաղաքական զտման հստակ վարքի արտահայտություն էր։ Պայքար դաշնակցության և այն բոլոր, ես կասեմ նաև քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր ունեն հայրենիքի, պետականության, ազգային և համահայկական շահերի հանձնառություն։
Չհասկանալ կամ չուզենալ, ուրանալ, չտեսնել Դաշնակցության աներևակայելի պատմական առաքելությունը, դաշնակցությունը, որը հայ ժողովրդին պետականություն է տվել, դաշնակցություն, որը առաջին Հանրապետության հիմնադիրն է, որը կարողացել է խորհրդային ամենադաժան տարիներին, կարողացել է ցեղասպանությունից հետո կազմակերպել սփյուռք, հայկական ինքնություն, հայկական կրթական, մշակութային, բարեսիրական համակարգ, որը այսօր սփյուռքի հայադեմ նկարագրի գլխավոր քաղաքական ուժն է, հանկարծ խոսել դաշնակցականությունը, որպես գաղափարախոսություն վերացնելու մասին... Ավելի թշնամական, պատկեր, ավելի թշնամական նարատիվներ դժվար էր պատկերացնել։
Արման Եղոյանը և իր ամբողջ քաղաքական թիմը այդ խոսքից անմիջապես հետո ծափերով ողջունեց, դա ֆաշիստական խունտա է, ո՞նց կարելի է ժողովրդավարական երկրում խոսել քաղաքական ուժի և նաև անհատական վերացման մասին, և հետո արժանանալ ծափահարությունների։ Բայց սա քաղաքական նկարագիր է»,– հայտարարեց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ փաստորեն խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է։
«Նրանք ուղիղ հրահանգներ են ստանում Բաքվից՝ չեզոքացնել, փակել, հիմա արդեն տեսանք, որ ֆաշիստական հանձնառություն ունեն վերջին դաշնակցականը թողնելու, բայց դաշնակցությունը իր 136 ամյա պատմության ընթացքում Արման Եղոյաններ է տեսել, ՔՊ-ներ է տեսել, ֆաշիստական և այլ տեսակի ռեժիմներ է տեսել, բոլշևիզմ է տեսել։ Որևէ բոլշևիկական, ֆաշիստական ձեռագրով հնարավոր չէ հաղթել դաշնակցությանը, որովհետև դաշնակցությունը կուսակցությունից անդին գաղափարախոսություն է, հայկական գաղափարախոսություն է։ Դաշնակցության գաղափարախոսությունը չի կարելի սպանել։ Սա իրենց, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի դրսևորումներից մեկն է։ Ես տպավորություն ունեի, թե Արման Եղոյանը թվում է, թե Բաքվում Ալիևը նստած ուղիղ եթերով նայում է և ասում՝ ապրի Արման Եղոյանը մեր ծրագիրը հուսալի ձեռքերում է»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ սա պիտի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնա։











