Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության ֆոնին ԱՄԷ իշխանությունները դիտարկում են ստորգետնյա տվյալների կենտրոններ կառուցելու հնարավորությունը, մինչդեռ բազմաթիվ կազմակերպություններ առայժմ տեղափոխում են իրենց տվյալների պահպանումը երկրի սահմաններից դուրս։ Այս մասին գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Մարտին NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄԷ-ում Amazon ամպային հարթակի տվյալների կենտրոններից մեկը շարքից դուրս է եկել հարվածի ենթարկվելուց հետո։ Ավելի ուշ Amazon Web Services-ը հայտնել էր նաև Բահրեյնում ենթակառուցվածքների վնասման մասին։

«Հնարավոր հարվածների վերաբերյալ մտավախությունները փարատելու համար երկրի (ԱՄԷ) պաշտոնյաները հանդես են եկել ստորգետնյա տվյալների կենտրոններ կառուցելու ... և հաշվողական համալիրների հարևանությամբ անօդաչու սարքերից պաշտպանության համակարգեր տեղադրելու գաղափարով»,- ասված է պարբերականի նյութում։

Wall Street Journal-ը նշում է, որ նման նախաձեռնությունն ավելի կավելացնի նմանատիպ կենտրոնների կառուցման առանց այն էլ ահռելի ծախսերը։

Այնուամենայնիվ, պարբերականի տվյալներով, առայժմ հակառակ միտում է նկատվում․ տվյալները տեղափոխվում են ԱՄԷ-ի սահմաններից դուրս։ Ոլորտի փորձագետները նշում են, որ ԱՄԷ-ն, որը սովորաբար խիստ քաղաքականություն է վարում տեղական ընկերությունների տվյալների ինքնիշխանության հարցում, որոշ կազմակերպությունների թույլատրել է իրենց տվյալները տեղափոխել արտերկիր, քանի դեռ Amazon-ը զբաղված է երկրում իր օբյեկտի աշխատանքի վերականգնմամբ։