Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Թուրքիան և Նախիջևանը կապող՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթգծի հատված մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ այդ 42 կիլոմետրանոց հատվածն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում։

«Թեև դա Հայաստանի տարածքն է, մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանից», — Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի փոխանցմամբ՝ այդ հատվածի շուրջ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի Միջև։ Նախագծման աշխատանքները պետք է ավարտվեն 2026 թվականին, իսկ բուն շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանում դեպի Հայաստանի սահման տանող ավտոճանապարհի շինարարությունն իրականացվել է շուրջ 95%-ով, իսկ երկաթգծի նախագիծը՝ 75%-ով։ Երկու ծրագրերն էլ նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականին։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Բայրամովն անվանել է Միջին միջանցքի կարևոր նոր ուղղություն։ Նրա խոսքով՝ նախագծի իրագործումը թույլ կտա Ադրբեջանի տարածքով տրանսպորտային կապ ապահովել Եվրոպայի և Թուրքիայի միջև։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Նախիջևանում արդեն մեկնարկել են երկաթգծի վերակառուցման աշխատանքները։