ԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ ուղեծրում տեղակայված է տիեզերքում մարտական գործողություններ վարելու համար նախատեսված զենք, գրում է The Guardian-ը։

Ամերիկյան իշխանությունները չեն բացահայտել դրա տեսակը և բնութագրերը, սակայն փորձագետները զգուշացնում են, որ Վաշինգտոնի հայտարարությունը կարող է արագացնել տիեզերքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև վտանգավոր սպառազինությունների մրցավազքը։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մայնկը երկուշաբթի օրը Air, Space, Cyber ամենամյա համաժողովում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն ուղեծրում ունի «տիեզերական տարածության վերահսկման համար» նախատեսված զենք։

«Այսօր մենք շարունակում ենք ապահովել պատրաստվածություն՝ դիմակայելու առաջացող սպառնալիքներին, որտեղ էլ որ դրանք ի հայտ գան։ Հենց այդ պատճառով էլ այժմ ԱՄՆ-ը ուղեծրում ունի տիեզերական տարածության վերահսկման համար նախատեսված զենք»,- ասել է Մայնկը։

Նախարարը հրաժարվել է բացահայտել այս համակարգերի մասին մանրամասները։ ԱՄՆ Տիեզերական ուժերի ներկայացուցիչը պարզաբանել է, որ տիեզերական տարածության վերահսկումը կարող է ենթադրել ինչպես կինետիկ, այսինքն՝ անմիջապես թիրախին հարվածող, այնպես էլ հակառակորդի հնարավորությունների վրա ազդող ոչ կինետիկ միջոցների կիրառություն։ Ըստ նրա՝ նման համակարգերը կարող են օգտագործվել թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական խնդիրների համար։

Պեկինը, ի պատասխան, Վաշինգտոնին մեղադրել է տիեզերքում պատերազմի նախապատրաստման մեջ և կոչ արել մերձերկրյա տարածությունը չվերածել մարտադաշտի ու թույլ չտալ սպառազինությունների մրցավազք։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում պահպանել տիեզերքը ցանկացած զենքից ազատ և հանդես է գալիս դրա լիակատար ապառազմականացման օգտին։

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից տիեզերական զենքի մշակումը գաղտնիք չէ։ Խոսքը կարող է վերաբերվել, մասնավորապես, ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերին, որոնք ունակ են խաթարելու արբանյակների աշխատանքը, ինչպես նաև ավելի հզոր կինետիկ խոցման միջոցներին։

Աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը, որը երկար տարիներ հետևում է տիեզերական արձակումներին, The Guardian-ին ասել է, որ ԱՄՆ-ի տեղակայած զենքի ամենահավանական տարբերակը կարող են լինել ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերը։ Ըստ նրա՝ Վաշինգտոնի հրապարակային խոստովանությունից հետո Ռուսաստանն ու Չինաստանը, հավանաբար, կպատասխանեն նույն կերպ։

Տիեզերական անվտանգության փորձագետ Վիկտորիա Սեմսոնն էլ ԱՄՆ-ի հայտարարությունն անվանել է նշանակալի քայլ՝ նշելով, որ այժմ Վաշինգտոնը ստիպված կլինի հաշվի առնել Չինաստանի և Ռուսաստանի մոտ նմանատիպ համակարգերի ի հայտ գալու հնարավորությունը։

Տիեզերքի ռազմական օգտագործումը սկսվել է դեռևս XX դարի կեսերին, սակայն 1967 թվականի Տիեզերքի մասին պայմանագիրն արգելել է ուղեծրում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումը։ Միևնույն ժամանակ, փաստաթուղթը չի պարունակում տիեզերքում սովորական սպառազինությունների տեղակայման ընդհանուր արգելք։

Փորձագետների մտահոգությունները կապված են ոչ միայն հնարավոր ուղիղ հակամարտության հետ։ Արբանյակների ոչնչացումը կարող է հանգեցնել հսկայական քանակությամբ բեկորների առաջացման, որոնք մեծ արագությամբ կշարժվեն ուղեծրով և կսպառնան այլ տիեզերական սարքերին։ 2021 թվականին Ռուսաստանը հակաարբանյակային հրթիռի փորձարկման ընթացքում ոչնչացրել էր իր իսկ չգործող արբանյակը՝ ստեղծելով տիեզերական աղբի հազարավոր բեկորներ։

Մաքդաուելը կարծում է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար հրաժարվում է տիեզերքը որպես բացառապես խաղաղ տարածք ընկալելու նախկին պատկերացումից և ավելի ու ավելի հաճախ ուղեծրում զինված հակամարտության հնարավորությունը դիտարկում որպես բնական սցենար։