Դաշնային դատարանը Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնի հոգաբարձուների խորհրդին կրկին արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը տեղադրել շենքի վրա՝ արձանագրելով, որ խորհրդի ընդունած որոշումը խախտում է նախորդ դատական հրամանն ու Կոնգրեսի ընդունած օրենքը, հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Քրիստոֆեր Կուպերն աջակցել է Օհայոյից դեմոկրատ կոնգրեսական Ջոյս Բիթիին, որը կենտրոնի խորհրդի անդամ է և ավելի վաղ հայց էր ներկայացրել Թրամփի կատարած փոփոխությունների դեմ։ Բիթին պնդել է, որ նախագահին մեծարելու նոր փորձը խախտում է դաշնային օրենսդրությունը, իսկ նրա փաստաբանները դատարանից խնդրել են շտապ արգելափակել այդ փոփոխությունները։

«Պատասխանողներին արգելվում է գլխավոր շենքի վրա տեղադրել «Վերականգնվել և նորոգվել է Դոնալդ Ջ. Թրամփի կողմից» գրությունը կամ կենտրոնի տարածքը վերանվանել «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հրապարակ»»,- ասվում է Կուպերի որոշման մեջ։

Դատավորն ընդգծել է, որ խորհուրդը չի կարող Քենեդու կենտրոնում Թրամփի կամ որևէ այլ անձի պատվին հուշատախտակներ տեղադրել առանց Կոնգրեսի հավանության։ Նրա գնահատմամբ՝ խորհրդի ընդունած որոշումը հակասում է թե՛ նախորդ դատական հրամանին, թե՛ կենտրոնի գործունեությունը կարգավորող օրենքին։

Օգոստոսին հոգաբարձուների խորհուրդը, որը գլխավորում է ինքը՝ Թրամփը և որի կազմում հիմնականում նրա կողմնակիցներն ու վարչակազմի անդամներն են, հավանություն է տվել ճակատին «Վերականգնվել և նորոգվել է նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի կողմից» գրությունը տեղադրելու մասին բանաձևին։ Խորհուրդը նաև նախատեսել է «Թրամփի Քենեդու կենտրոնի հիմնադրամ» գրությունը ավելացնելու հնարավորություն այն բանից հետո, երբ հիմնադրամը 100 միլիոն դոլար կհավաքի։ Բացի դրանից, առաջարկվում էր կենտրոնի տարածքն անվանել «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հրապարակ»։

Կուպերը հրաժարվել է որոշում ընդունել հիմնադրամի հնարավոր հիշատակման վերաբերյալ, քանի որ Բիթին չի կարողացել ապացուցել, որ համապատասխան գրությունը մոտ ժամանակում կտեղադրվի շենքի վրա։

Դա արդեն խորհրդի երկրորդ փորձն է Թրամփի անունը շենք վերադարձնելու համար այն բանից հետո, երբ Կուպերը ավելի վաղ որոշել էր հեռացնել այն։ Հունիսին նախագահի անունով գրությունը դատարանի որոշման կատարման շրջանակում ապամոնտաժվել էր։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում էր, որ խոսքը կենտրոնի նոր վերանվանման մասին չէ. գերատեսչության վարկածով՝ առաջարկվող գրությունները պետք է միայն հարգանքի տուրք մատուցեն Թրամփի ներդրմանը հաստատության վերակառուցման գործում և նրա ջանքերին՝ Կոնգրեսի հատկացրած 257 միլիոն դոլարին հավելյալ մասնավոր նվիրատվություններ ներգրավելու հարցում։