Սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես կգա Եվրոպական միության իրավիճակի մասին իր ամենամյա ուղերձով։ Սա կլինի նրա երկրորդ նման ելույթը ներկայիս հնգամյա մանդատի շրջանակներում։

Նիստի ընթացքում Ֆոն դեր Լայենը պատգամավորներին կներկայացնի Եվրահանձնաժողովի՝ անցած տարվա կատարած աշխատանքի ամփոփումը և կնախանշի հաջորդ տարվա գլխավոր անելիքները։ Ելույթը կմեկնարկի տեղական ժամանակով 09:00-ին, ինչից հետո Եվրահանձնաժողովի նախագահը կպատասխանի պատգամավորների հարցերին։ Նստաշրջանը կտևի մինչև 11:50։

Ելույթին ընդառաջ՝ Եվրահանձնաժողովը կազմել է 88 էջանոց «Եվրոպական միության վիճակի մասին 2026։ Խոստումից դեպի առաջընթաց․ պաշտոնավարման երկրորդ տարին» զեկույցը։ Այստեղ ամփոփված են Ֆոն դեր Լայենի հանձնաժողովի գործունեության երկրորդ տարվա հիմնական արդյունքները։

Որպես փաստաթղթի գլխավոր թեմա՝ Եվրահանձնաժողովը մատնանշում է Եվրոպայի ինքնուրույնության ամրապնդումը։ Անցած տարվա առաջնահերթությունների շարքում առանձնացվում են եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացումը, արտաքին մատակարարներից ունեցած ռազմավարական կախվածության նվազեցումը, պաշտպանական հնարավորությունների զարգացումը, Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ու միջազգային գործընկերությունների ընդլայնումը։

Զեկույցի զգալի մասը նվիրված է ԵՄ տնտեսությանն ու ներքին շուկային։ Եվրահանձնաժողովը հաշվետվություն է ներկայացնում բիզնեսի վարչական բեռի թեթևացման, եվրոպական տեխնոլոգիական ոլորտների զարգացման, ներդրումների ներգրավման և էներգետիկ ծախսերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։ Որպես առանձին ուղղություն՝ շեշտվում է ԵՄ երկրների պաշտպանության և ռազմական շարժունակության ամրապնդումը։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը։ Եվրահանձնաժողովը նշում է 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնության համաձայնեցման, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման շարունակման և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին՝ ընդգծելով առաջին բանակցային կլաստերների բացումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրամիության և հարևան տարածաշրջանների երկրների հարաբերություններին։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովը մատնանշում է ԵՄ-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովի անցկացումը։ Այդ հանդիպման շրջանակներում մեկնարկել է փոխկապակցվածության ոլորտում Հայաստան-ԵՄ գործընկերությունը, որը նպատակաուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացմանը։

Եվրահանձնաժողովը հաղորդում է նաև հուլիսին Ֆոն դեր Լայենի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցի մասին։ Ուղևորության ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Global Gateway ծրագրի շրջանակներում 200 մլն եվրո արժողությամբ նոր փաթեթի մասին, որը կոչված է աջակցելու Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացմանը, ինչպես նաև հայտնել է Հայաստանին վերաբերող լրացուցիչ առևտրային միջոցառումների մասին։

Այսպիսով, զեկույցում հայկական ուղղությունը ներկայացված է Հարավային Կովկասում ԵՄ վարած քաղաքականության ավելի լայն համատեքստում՝ որպես խաղաղությանը, կայունությանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն աջակցող Եվրամիության ջանքերի անբաժանելի մաս։