ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ նախօրեին գերիների մասին արված իր հայտարարությունը խեղաթյուրվել է։

Նա այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշեց. «Երեկ ձեր հետ ճեպազրույցում արտահայտել եմ հետևյալ միտքը. «Եկեք գերիների հարցը դնենք դարակում ու փակենք հանրային քննարկման տեսանկյունից, բայց դուք վստահ եղեք, որ այս հարցը մշտապես մեր աշխատանքային սեղանին է և մենք ցանկացած առիթ օգտագործում ենք այս հարցի լուծման համար»։ Ձեր գործընկեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ փոխկապակցված «Արմատ մեդիա» լրատվականը դրել է հետևյալ վերնագիրը. «Գերիների հարցը եկեք փակենք, դնենք դարակում առնվազն մեզ համար. Վահագն Ալեքսանյան»։

Հարգելի լրագրող գործընկերներ, դուք ոչ թե կոնտեքստից կտրել եք արտահայտություն կամ պարբերություն, դուք նախադասության կեսն եք դրել որպես ամբողջական նյութ։

Ես չեմ ուզում կոնֆլիկտի մեջ մտնեմ լրագրող գործընկերոջ հետ, լրատվականի հետ,  չեմ ուզում կոպիտ արձագանքել սրան, բայց ես խնդրում եմ, որ լրատվական մեր հանրույթը ինքնակարգավորման ինչ-որ ճանապարհ գտնի, որովհետև սա անբարեխիղճ վարքագիծ է, միտքը ամբողջությամբ աղճատված է, խեղաթյուրված է ու իմ ասածի 180 աստիճան հակառակն է հասկացվում»։