Ճապոնիայում 100-ամյա հոբելյանը բոլորած բնակիչների թիվն առաջին անգամ անցել է 100 հազարից։ Երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած տվյալներով՝ այժմ Ճապոնիայում ապրում է 107,677 երկարակյաց, ինչը 7,914-ով ավելի է, քան նախորդ տարի, հայտնում է «Associated Press»-ը։

100 և բարձր տարիք ունեցող ճապոնացիների գրեթե 88%-ը կանայք են՝ 94,298 մարդ, իսկ տղամարդիկ՝ 13,379։ Երկու ցուցանիշն էլ պատմական ռեկորդ են սահմանել։

Երկրի ամենատարեց բնակիչը Կիոտոյից 114-ամյա Ֆույու Կիշիմոտոն է, իսկ ամենատարեց տղամարդը՝ Կումամոտոյից 112-ամյա Հիկարու Կատոն։

Վիճակագրությունը հրապարակվել է սեպտեմբերի 15-ին՝ Տարեցների մեծարման օրը։ Այս առիթով ընթացիկ ֆինանսական տարում 100 տարին լրացած քաղաքացիներին վարչապետի անունից հղվում է շնորհավորական նամակ և հուշանվեր։

Նախարար Կենիչիրո Ուենոն կյանքի տևողության աճը կապել է կենսապայմանների ու նորմալ սննդի, ինչպես նաև բժշկության զարգացման հետ։ Նա ընդգծել է, որ ազգաբնակչության ծերացմանը զուգահեռ անհրաժեշտ է պահպանել սոցիալական ապահովության համակարգի կայունությունը։

Սրան զուգահեռ՝ Ճապոնիայում նվազում է ծնելիությունն ու ճգնաժամ ապրում ժողովրդագրությունը։ Սեպտեմբերին հրապարակված հետազոտության համաձայն՝ 18-34 տարեկան չամուսնացած տղամարդկանց ու կանանց ավելի քան 20%-ը չի պլանավորում ընտանիք կազմել։ Պատճառներից են երեխաների խնամքի ու կրթության բարձր ծախսերը, ինչպես նաև աշխատող ծնողների ծանր ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությունը։

Երկարակյացների թվի աճը շարունակվում է արդեն տասնամյակներ։ 1963 թվականին, երբ նոր էր սկսվել այս վիճակագրությունը, 100-ն անց ընդամենը 153 մարդ կար։ 1981-ին նրանց թիվն անցավ հազարը, 1998-ին՝ 10 հազարը, 2012-ին՝ 50 հազարը, իսկ 2025 թվականին հասավ 99,763-ի։

Այսպիսով, 63 տարվա ընթացքում 100 տարեկանից բարձր ճապոնացիների թիվն ավելացել է ավելի քան 700 անգամ։