Inigo Insurance-ի նախագահ, Մեծ Բրիտանիայի ֆինանսական ոլորտի առաջատար գործիչներից սըր Հովարդ Դեյվիսը հիմնական ելույթով հանդես կգա հոկտեմբերի 5–6-ը Երևանում կայանալիք «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին։

Համաժողովի շրջանակում սըր Հովարդ Դեյվիսը կանդրադառնա Հայաստան–Միացյալ Թագավորություն ֆինանսական և ներդրումային համագործակցությանը՝ կիսելով իր մասնագիտական փորձը ֆինանսական կապերի ընդլայնման, ներդրումային միջավայրի ամրապնդման և երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

Առաջին անգամ անցկացվող համաժողովը մեկ հարթակում կհամախմբի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունից ժամանող ավելի քան 100 պատվիրակի և 25-ից ավելի խոսնակի։

Համաժողովը կծառայի որպես բարձրաստիճան ղեկավարների հանդիպման հարթակ՝ բարձր մակարդակի քննարկումները համադրելով բիզնես-հանդիպումների հետ, որոնք կնպաստեն նոր գործընկերությունների և ներդրումային հնարավորությունների ձևավորմանը։

Սըր Հովարդ Դեյվիսը ֆինանսական համակարգում տասնամյակների փորձ ունի։ Որպես Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների մարմնի (Financial Services Authority) նախագահ՝ նա ղեկավարել է 9 առանձին կարգավորող մարմինների միավորման և երկրի միասնական ֆինանսական կարգավորիչի ձևավորման գործընթացը։ 

2003–2011 թվականներին նա նաև ղեկավարել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը (London School of Economics and Political Science)։ 2015–2024 թվականներին սըր Հովարդ Դեյվիսը եղել է NatWest Group-ի նախագահը։ 2000 թվականին ֆինանսական կարգավորման ոլորտում ունեցած ծառայությունների համար նրան շնորհվել է ասպետի կոչում։ 

Կենտրոնական բանկային համակարգում, ֆինանսական կարգավորման, խոշոր ֆինանսական կառույցների և ակադեմիական ոլորտում տարիների փորձ ունեցող սըր Հովարդ Դեյվիսն իր տեսակետը կներկայացնի որպես Մեծ Բրիտանիայի ժամանակակից ֆինանսական համակարգի ձևավորմանն անմիջական մասնակցություն ունեցած փորձառու ղեկավար և կանդրադառնա հայ-բրիտանական ֆինանսական և ներդրումային համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։

«Կառուցելով կամուրջներ՝ կապիտալի, տաղանդի և նորարարության համար» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության պետական կառույցների, ներդրումային և գործարար համայնքի, նորարարական և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներին։ Համաժողովի հիմնական բիզնես ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ «Դվին Մյուզիք Հոլ»-ում։

Համաժողովի գրանցումը բաց է՝ forum.oabc.am։ 

***

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը հոկտեմբերի 5–6-ը Երևանում կանցկացվի առաջին անգամ։ Նախաձեռնության նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը և ստեղծել հայ-բրիտանական գործընկերության նոր հնարավորություններ։

Համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին Գալա համերգով, իսկ հիմնական բիզնես ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին՝ մեկ հարթակում համախմբելով գործարար համայնքի, պետական կառույցների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին։

Նախաձեռնությունը կազմակերպվում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia, OABCA) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Enterprise Armenia-ի, ինչպես նաև Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ գործընկերությամբ։