Ռուսաստանում մեկնարկել է ռուսական առաջին սերիական «Ատոմ» էլեկտրամոբիլի զանգվածային արտադրությունը։ Այն կազմակերպվել է Մոսկվայի «Մոսկվիչ» ավտոգործարանում։ Ըստ «Կոմերսանտ» պարբերականի, որը հղում է անում «Մոսկվիչի» մամուլի ծառայությանը, առաջիկայում ձեռնարկությունը նախատեսում է մեկ հերթափոխի ընթացքում թողարկել մինչև 20 ավտոմեքենա, իսկ 2027 թվականին՝ շարունակել մեծացնել արտադրության ծավալները։

Արտադրությունն իրականացվում է ամբողջական ցիկլով, որն իր մեջ ներառում է թափքի մասերի եռակցում, ներկում և հակակոռոզիոն մշակում, հավաքում, մեքենայի մեխանիկական հատվածի կարգավորում, էլեկտրոնային համակարգերի ծրագրավորումն ու ճշգրտումը, ինչպես նաև թեստավորումն ու որակի վերջնական վերահսկողությունը։

Էլեկտրամոբիլների սպասարկումն ապահովելու նպատակով ընկերությունը պայմանագրեր է կնքել Ռուսաստանի ութ քաղաքներում գործող 26 սպասարկման կենտրոնների հետ։ «Ատոմը» նախատեսում է 2027 թվականին սպասարկման ցանցն ընդլայնել մինչև 16, իսկ 2029-ին՝ մինչև 48 քաղաք։

Մեկ ամբողջական լիցքավորմամբ «Ատոմը» կարող է անցնել մինչև 500 կմ՝ ըստ WLTC չափանիշի։ Մեքենան հագեցած է 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով, ինչի շնորհիվ 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է ընդամենը յոթ վայրկյանում։

Դիզայնի ուշագրավ առանձնահատկություններից են առանց կենտրոնական կանգնակի ավտոմատ բացվող դռները և ղեկի վրա տեղադրված սենսորային էկրանը։ Բացի այդ, էլեկտրամոբիլն ունի դիմապակու վրա արտապատկերվող էկրան, ձայնային օգնական և սմարթֆոնով մեքենայի գործառույթները կառավարելու համակարգ։

Մեքենայի ստանդարտ համալրումը ներառում է նաև վարորդին աջակցող ADAS 2+ մակարդակի համակարգ։ Ձմռանն առավել հարմարավետ ու անվտանգ երթևեկելու համար նախատեսված է մարտկոցի ջերմակարգավորման համակարգ, ինչպես նաև նստատեղերի, ղեկի, դիմապակու, հետևի ապակու, ապակեմաքրիչների հատվածի ու կողային հայելիների տաքացման հնարավորություն։

«Ատոմի» արժեքը 3,98 միլիոն ռուբլի է, սակայն պետական աջակցության ծրագրով՝ վարկով գնելու դեպքում մեքենայի գինը կարող է նվազել մինչև 3,055 միլիոն ռուբլի։