Եթե Սփյուռքի հզորությունը չափվում է մարդկային քանակով, ապա դա, բնականաբար, տեղի է ունենում միայն Հայաստանից արտահոսքի հաշվին, և խոսքն այն մասին է, որ մենք չենք ուզում, որ Հայաստանից արտահոսք լինի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սա տրամաբանական է, աքսիոմատիկ ճշմարտություն է և ապացուցելու բան չկա այդտեղ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ առաջ Սփյուռքում կար երկու գլխավոր թեմա՝ ցեղասպանությունը և Արցախի հարցը, հիմա Հայաստանի իշխանությունը ի՞նչ ազդակ է տալիս Սփյուռքին, Սինանյանն ասաց. «Ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել սփյուռքի գոյության ողջ նպատակը, որովհետև գոնե արևմտյան սփյուռքում ցեղասպանությունը ճանաչվել է արդեն։ Հետո ի՞նչ։ Հիմա ի՞նչ պետք է անի սփյուռքը, եթե դա էր իր միսիան: Իմ կարծիքով, սփյուռքի միսիան շատ ավելի մեծ է, որովհետև փառք Տիրոջը, կա Հայաստանի Հանրապետություն, կա Հայաստանի պետականություն, որը ունի բազում խնդիրներ, որի մեջ սփյուռքը կարող է ակտուալ, շարունակական դեր ունենալ։
Հիմա ամբողջ այդ վերաֆորմատավորման գործընթացը, որը մենք փորձում ենք սփյուռքին ներկայացնել և դա շատ հաջող ձևով տեղի է ունենում, կապված է նրա հետ, որ եկեք կենտրոնանանք այսօրվա մեր խնդիրների վրա։ Այո, Ցեղասպանության հարցը մեզ համար առաջնահերթ չի»։
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիրները Հայաստանի իշխանություններին մեղադրում են ժխտողական քաղաքականություն վարելու մեջ, Սինանսյանը դա անհեթեթ որակեց. «Ցեղասպանություն չես կարող ժխտել, ասելով, որ ցեղասպանությունը մեր գոյության միակ իմաստը չի։ Մենք ունենք մարդիկ, որոնք ապրում են էս երկրում, որոնք ուզում են լավ ապրել, բոլորս ուզում ենք, որ մենք լինենք անվտանգ, բարգավաճ միջավայրում և դրա վրա ենք կենտրոնանում, դա է առաջնայնությունը մեզ համար»։
Ճշտող հարցին՝ ի վերջո, այս պահին ո՞րն է հիմնական Հայաստանից գնացող քաղաքական մեսիջը, որ սփյուռքը դրանով պետք է զբաղվի, նա արձագանքեց. «Հարցը սա է, որ եթե ունենանք հզոր Հայաստան, ապա սփյուռքը հզոր լինելու շանս ունի»։











